Ինչո՞ւ «Ուշացաւ» Իրանի Շնորհաւորանքը Հայաստանին. Թեհրանը Սթափեցնում Է

0
67

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի անկախութեան տօնի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի նախագահին եւ վարչապետին, որտեղ խօսում է հայ-իրանական յարաբերութեան խորացման հարցում լիայոյս լինելու, նաեւ այն մասին, որ «երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրութիւնները եւ երկկողմ բարեկամական յարաբերութիւնները բարենպաստ պայմաններ կ՛ապահովեն յարաբերութիւնների զարգացման եւ խորացման համար եւ երկու երկրների ժողովուրդները կը կարողանան փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջեւ կառուցողական եւ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու գործում»:

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի շնորհաւորանքի մասին յայտնի է դառնում Հայաստանի անկախութեան տարեդարձից երեք օր անց՝ Սեպտեմբերի 24ին: Այդ օրերի ընթացքում համացանցում տարածուեց, որ Իրանն առաջին անգամ չի շնորհաւորել Հայաստանի անկախութիւնը, եւ դա հայ-իրանական յարաբերութեան խնդիրների վկայութիւն է: Դա էլ փորձ արուեց դարձնել փաստարկ, թէ արտաքին քաղաքականութիւնը տապալուած է բոլոր ուղղութիւններով, այդ թւում իրանական:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին փաստօրէն հիասթափեցրեց այդ աղմուկի եւ ընդդիմախօսութեան հեղինակներին, թէեւ իհարկէ  հետաքրքիր է, թէ ինչու՞ է շնորհաւորանքը «ուշացել» երեք օրով: Արդեօք խնդիրը տեխնիկական է՝ դիւանագիտական հաղորդակցութեան ոչ պատշաճ արագութիւն, թէ՞ կայ այլ՝ քաղաքական պատճառ:

Հայ-իրանական յարաբերութեան առումով վերջին շրջանում այդպիսի պատճառ է դիտւում հայ-իսրայէլական յարաբերութեան ծաւալման Երեւանի քաղաքականութիւնը: Իրանը հասկանալիօրէն զգայուն է այդ հարցում: Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ եղել է մի քանի բողոքի ակցիայ (գործ-Խմբ.):

Այլ հարց է, թէ ինչ մակարդակում է դա եղել, այսինքն դա ներքին մի շարք խմբերի պայքարի դրուա՞գ է, թէ ոչ, որոնք կը փորձեն օգտագործել հայ-իսրայէլական հանգամանքը հայ-իրանական յարաբերութեանը հարուածելու համար: Պաշտօնական Թեհրանն այդ իմաստով կարող է խաղալ իրեն բնորոշ բազմիմաստ համբերատարութեան ոճով:

Այն, որ Հայաստան-Իսրայէլ յարաբերութեան հարցում որեւէ մղում դուր չի գայ Իրանին, հասկանալի է, ինչպէս որ Իրանի համար էլ հասկանալի պէտք է լինի Հայաստանի ինքնիշխան քաղաքականութեան իրաւունքը: Հայաստանը որեւէ ուղղութեամբ յարաբերութիւն կառուցելիս, ինչպէս ցանկացած պետութիւն՝ իրաւունք չունի առաջնորդուել այն մտայնութեամբ, թէ միւս գործընկեր պետութեանը դա դուր կը գայ, թէ ոչ: Եթէ Հայաստանը յարաբերութիւն է կառուցում ոչ այդ գործընկերոջ հետ յարաբերութեան բովանդակութեան հաշուին, ապա այստեղ արդէն որոշումների ելակէտը պէտք է լինեն Հայաստանի զարգացման եւ անվտանգութեան անհրաժեշտութիւններից բխող հարցերը: Իսկ այդ տեսանկիւնից Հայաստանն ունի Իսրայէլի հետ աշխատանքի բազմաթիւ շարժառիթներ, որոնք վերաբերում են թէ Ադրբհջանին, թէ մերձաւորարեւելեան ռեգիոնին (շրջանին-Խմբ.) թէ լայն միջռեգիոնալ անվտանգային համակարգի համատեքստում՝ Թուրքիայի զսպման խնդրին:

Միաժամանակ, որ Իրանը բաւականին լուրջ խաղացող է կամայական զգայունութիւն չծաւալելու համար, եւ խնդիրը թերեւս յաւելեալ ապահովագրուածութեան եւ երաշխիքի դաշտում է, որ Երեւանը Իսրայէլի հետ յարաբերութիւն կառուցելիս զգօն կը լինի իրանական շահերի հանդէպ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here