Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որ հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի. Տուսկ

0
69

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տուսկն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի  շարունակական պատերազմի: Մենք կոչ ենք անում կողմերին՝ պահպանել երկխոսությունը: Երկխոսության միակ այլընտրանքը աղետ է ողջ տարածաշրջանի համար և դրանից դուրս»,-նշել է Տուսկը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Աննա Գրիգորյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here