Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ

0
105

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը շարունակում է թիրախավորել բնակավայրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը: Մի փոքր առաջ ինձ հասանելի դարձան կադրեր, որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

Լիլիթ Դեմուրյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here