Բացառիկ յուշագրութիւն. ինչպէ՛ս Կոմիտասի հոգեհանգստին՝  չեկիստը լոմով(*) պղծեց նրա փակ դագաղը

0
118
1936 Մայիս, Երեւան
Մարօ Ալազանի յուշերէն
(բանաստեղծ, արձակագիր եւ հասարակական գործիչ Վահրամ Ալազանի կինը)
«Մի օր, գիշերուայ ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջեանը Ալազանին իր մօտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձաւ եւ պատմեց հետեւեալը.–
Փարիզում վախճանուել է մեր պայծառ Կոմիտասը (մահացած էր 1935 Հոկտեմբերին, որմէ ետք մարմինը զմռսուած կը պահուէր՝ Հայաստանի մէջ յուղարկաւորուելու համար – «ՆՅ»)։ Նրան խնամող յանձնաժողովը դիմել է ընկեր Խանջեանին, որ նա ընդունի Կոմիտասի դին եւ Երեւանում կազմակերպի թաղման արարողութիւնը։ Ի հարկէ, Աղասին տալիս է իր համաձայնութիւնը, սակայն Բերիայի երեւանեան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Միւս օրը Բերիան հեռախօսով կապւում է Աղասու հետ եւ ասում.–
– Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգեւորական, ինչ-որ տէրտէր ես բերում Երեւանում թաղելու համար։ Ես կտրականապէս արգելում եմ. հեռագրիր թող չուղարկեն, մենք հոգեւորականներին թաղելու համար գումարներ չունենք։
Այս դէպքից Աղասին անսահման յուզուել ու վրդովուել է, անյարմար է զգում հեռագիր տալ, ուստի ինձ խնդրեց, որ ես այդ անեմ։ Ես ցաւով նրա խնդրանքը կատարեցի, բայց տայ Աստուած, որ հեռագիրս ուշ տեղ հասնի եւ Կոմիտասի դին ետ չուղարկեն։ Խեղճ Աղասի, դու տեսնում ես, Մարօ ջան, թէ ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը»։
Միւս օրը Ալազանը Կենտկոմ է գնում՝ իմանալու հեռագրի պատասխանի մասին։ Խանջեանը ուրախ-ուրախ նրան ցոյց է տալիս մի հեռագիր՝ հետեւեալ բովանդակութեամբ.–
«Նաւը երեք օր է, դուրս է եկել Մարսէլից եւ գտնւում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։
Կոմիտասին խնամող յանձնաժողով»։
– Այդ շատ լաւ եղաւ,– ասում է Ալազանը։
– Լաւը լաւ է, Ալազան ջան, բայց ցաւալին այն է, որ Կոմիտասին ներկայացնում են իբրեւ «ինչ-որ տէրտէր»,– ասում է Խանջեանը վրդովուած։
Այս դէպքից մէկ, թէ երկու օր յետոյ մեր տուն եկաւ Չարենցը եւ ասաց.
– Ա՛յ տղայ, Ալազան, մի «պազոռնի» (ամօթալի – «ՆՅ») բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հաւատում։ Ասում են, որ Փարիզից հեռագրել են Աղասուն, որ նա Կոմիտասի դիակը ընդունի եւ Երեւանում թաղի։ Աղասին համաձայնել է, բայց Բերիան իր երեւանեան «սիշչիկներից» (գաղտնի ոստիկաններէն – «ՆՅ»)
այդ մասին իմանալով՝ կտրականապէս արգելել է, ասելով՝ թէ «Մենք ինչ-որ տէրտէր թաղելու համար գումար չունենք»։
– Այո՛, դժբախտաբար ճիշդ է, բայց բարեբախտաբար հեռագիրը ուշ է տեղ հասել, եւ Կոմիտասին բերող նաւը արդէն Միջերկրականի ջրերում է, եւ շուտով Կոմիտասը Երեւանում կը լինի,– ասաց Ալազանը։
– Ա՛յ տղայ, ճիշտ ե՞ս ասում, էդ ինչ լաւ բան եղաւ։ Թող հիմա Բերիայի «սիշչիկները» տրաքուեն,– ասաց Չարենցը ուրախութեամբ։
Քիչ յետոյ նորից լրջացաւ, մռայլուեց եւ յուզուած ասաց.– Ինչ-որ տէրտէր։ Մի՞թէ Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տէրտէր» է։ Ողորմելինե՛ր, տգէտնե՛ր, թո՛ւ ձեր երեսին, անամօթներ։ Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ Մարօ ջան, մի կոնեակ բեր՝ խմենք Կոմիտասի յաղթանակի եւ յիշատակի կենացը։
Թէեւ Չարենցը Կոմիտասի յաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նոյն խռովայոյզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տէրտէր»։
Վերջապէս Կոմիտասի դին հասաւ Երեւան։ Կազմուեց նրան ընդունող եւ թաղող յանձնաժողով, որի կազմում ընդգրկուած էին՝ Գրողների միութեան կողմից՝ Ալազան, Լուսաւորութեան մինիստրութեան կողմից՝ Արտօ Եղիազարեան, Ներքին գործոց մինիստրութեան կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, եւ այլ մինիստրութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։
Ցերեկուայ ժամը 12-ին յանձնաժողովի անդամների հետ ուղեւորուեցինք դէպի Կուլտուրայի տուն (ներկայիս Առնօ Բաբաջանեան համերգասրահը – «ՆՅ»)։ Աբովեան փողոցում մեզ միացաւ նաեւ Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրայ դրուած էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստուած դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երեւում էր Կոմիտասի պայծառ դէմքը։ Բոլորը լուռ, տխուր եւ գլխահակ խոնարհւում էին Կոմիտասի առջեւ։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանեց լոմիկ* ու կացին, բացեց դագաղի կափարիչը եւ սկսեց շօշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ յուզեց ու զայրացրեց։ Չարենցը յուզմունքից իրեն զսպել չկարողացաւ եւ ուղղակի գոռալով ասաց.– «Մի բան գտա՞ք, անամօթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չէք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա համարեա իրեն կորցրած, օրօրուելով, ինքն իր հետ խօսելով դուրս եկաւ դահլիճից։ Նրան հետեւեցին նաեւ յանձնաժողովի անդամները, Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին։
Միւս օրը Ալազանը գնում է Կենտկոմ եւ Խանջեանին պատմում այդ խայտառակ արարքի մասին։ Խանջեանը անսահման յուզւում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում է.
– Ալազան, ես կարեւոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի եւ միւս անդամների հետ միասին մեծ շուքով թաղէք մեր պայծառ Կոմիտասին»։
Յ.Գ. 1936-ի Յուլիսին Բերիան իր առանձնասենեակում գնդակահարեց Խանջեանին, 1936-ին ձերբակալուեց, բռնադատուեց եւ աքսորուեց Վահրամ Ալազանը, 1937-ի Նոյեմբերին բանտում սպանուեց Չարենցը, 1937-ին ձերբակալուեցին եւ գնդակահարուեցին Ֆրանսիայից Կոմիտասի աճիւնի տեղափոխումը կազմակերպած Դանուշ Շահվերդեանը, նրա կինը եւ եղբայրը։
Ռուբէն Շուխեան,
Պատմաբան
Slim.am ■
(*) լոմ/լոմիկ – ռուս. ломик, կտուցաւոր գործիք մը՝ pied de biche («ՆՅ»).

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here