Հակառակորդը հետ է շպրտվել հարավում, իսկ հյուսիսում հրետակոծել է բնակավայրերը

0
29

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները:

«ԱՀ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնող ադրբեջանական զինված ուժերը հետ են մղվել: Այդ ընթացքում նրանք կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր: Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր և այս պահին համեմատաբար հանգիստ է և ընթանում են թեթև մարտեր: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: Հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային բնակավայրերը, մասնավորապես, Մարտակերտն ու հարակից բնակավայրերը: Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնել է հակառակորդի կողմից ևս 10 միավոր զրահատեխնիկայի կորուստի մասին:

Լիլիթ Դեմուրյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here