ՊԲ-ն կործանիչ հակահարված է տալիս թուրքական, ահաբեկչական խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին

0
84

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։

«Հակառակ ադրբեջանական կողմից տարածվող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,- գրել է Պողոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

Լիլիթ Դեմուրյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here