Կրեմլը Թուրքիային և մյուս երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին

0
23

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում համոզված են, որ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պետք է համոզել կողմերին` վերադառնալ հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ:

«Կրեմլում առաջին հերթին կարևոր են համարում կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ցանկացած հայտարարություն` կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ և Թուրքիային կոչ է արել անել ամենը, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն կրակը և վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ մշտական կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց գործընկերների հետ, և, որ համանախագահ երկրները պետք է պատասխանատու դիրք զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here