ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար

0
25

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի  Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր  Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:

«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- ասաց Զայնետդինովը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: 

Նորայր Շողիկյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here