ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը

0
17

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:

«Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, ապա սեպտեմբերի 29-ին ագրեսիա սանձազերծել նաև Հայաստանի Հանրապետության դեմ:

Արցախում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here