Ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. ռազմական հանցագործությունների փաստեր

0
28

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի այն զինվորները, որոնց դիակները հայտնվել են Արցախի տարածքում, բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Այս ամենը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն է: Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում»,- նշեց Պողոսյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նկատել է՝ պատերազմական հանցագործության փաստերը գնալով ավելանում են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here