Այսօր ՌԴ-ն պիտի խոսի Հայաստանի ու Թուրքիայի հետ, չգիտեմ` ինչքանով է պատրաստ դրան. Արայիկ Հարությունյան

0
47

https://www.azatutyun.am

Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, ընթացել են շատ ակտիվ, լայնածավալ մարտական գործողություններ նույն տարածքներում` Օմարից մինչև Արաքս, հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, շարունակությունը` հյուսիսային թևում, ոչ շատ արդեն ակտիվ կենտրոնական-արևելյան ուղղությունում, իսկ շատ ավելի ակտիվ` հարավային ուղղությամբ, քիչ առաջ իրավիճակը ներկայացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ` և՛ մենք, և՛ հակառակորդը, իհարկե հակառակորդինը անգամներով շատ ավելին, ինչպես միշտ, ինչպես եղել է բոլոր պատերազմների ժամանակ: Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանությունների մարդկային որակների վրա, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում` շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով, սա ամենամեծ ոչ մարդկային բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք: Ունենք բազմաթիվ փաստեր, որ պլանավորել էին շատ վաղուց մարտական գործողություններն սկսելու առումով», – հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, միաժամանակ շեշտեց. – «Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել ու չի էլ լինելու»:

Հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր եղավ ռուսական կողմի միջնորդությամբ 3-4 օր հետո հրադադար կնքել, արդյոք հիմա տեսնում է ազդակ երրորդ երկրների կողմից, որ հրադարար կարող է առաջիկա օրերին հաստատվել, Արցախի նախագահը պատասխանեց. – «Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով, այսօր պիտի խոսի Հայաստանի ու Թուրքիայի հետ` Էրդողանի հետ, ես չգիտեմ` ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:

Արայիկ Հարությունյանն ուշադրություն գրավեց ևս մեկ հանգամանքի վրա. – «4 օրում համարյա խփվել է այնքան թշնամու տեխնիկա, ինչքան մեր առաջին Արցախյան պատերազմի ժամանակ»:

Նշենք, որ Ադրբեջանը հաղորդում է, որ լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 12 զոհ է ունեցել, չի բացահայտում իր ռազմական կորուստները: Հայկական կողմն արդեն իսկ տեղեկացրել է 99 զինվորականների կորստի մասին, ինչպես նաև 8 հոգի զոհվել են քաղաքացիական բնակչության շրջանում: Լայնածավալ մարտական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան:

Ասուլիսի ընթացքում հարցադրմանը, թե պատերազմը չի կարող մշտապես շարունակվել, ի՞նչ գործոններ կարող են նպաստել դրան, Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց. – «Այո, առաջին գլխավոր ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ, դա կարող է լինել այն ժամանակ, երբ հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, որ ունի հակաադրբեջանական ժողովրդի ռազմաքաղաքական իշխանություն: Հիմնավորեմ, պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի վիրավորներ իրենց կողմից»: Ըստ նրա` նաև Ադրբեջանի տնտեսությունն է ճգնաժամի առաջ կանգնելու, սոցիալական լուրջ խնդիրներ է ունենալու ադրբեջանական հասարակությունը: «Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն ժամանակի ընթացքում փոշիացրած միլիարդները», – ասաց Արայիկ Հարությունյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here