ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը. ՀՀ ԱԳՆ

0
44

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը թիրախավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:

Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:

Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները` Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here