ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից կգործեն մի շարք սահմանափակումներ

0
18

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:

բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:

գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով

դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here