Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

0
56

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»ի հաղորմամբ, այս մասին ասված է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

«Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,-ասված է հայտարարությունում:

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here