ՀՀ տարածքից Ադրբեջան որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս. ՊՆ

0
14

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զգուշացնում է՝ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Արցախի բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Տոնոյանն այս մասին ասել է «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի մեղադրանքներին, թե իբր Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ:

«ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս: Եվ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, մեր պաշտպանական բանակի, Արցախի ԶՈՒ-ի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սար-սա-փելի»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին՝ նախարարն ասաց, որ կարծում է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր «խորը» զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը: «Մասնավորապես արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործվելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացությունն անեն»,-ասաց Տոնոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմերն ունեն մարդկային ուժի և սպառազինության մեծ կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  վերաբերյալ:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները՝ կոչ անելով Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Աննա Գրիգորյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here