Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան

0
85

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր գոյութենական վտանգի ներքո է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն  այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

«Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և այսօր էլ այդպես է:

«Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ նշելով, որ չկա որևէ բան, որ խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան:

«Չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր, ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան, չկա այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է, որ խնդիրը նրանում է նաև, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար ԱլԱսադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here