Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ

0
71

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում:

«Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները:

ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպես` «մենք ուզում ենք հրադադար, բայց…», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here