ԱՆԱԿՆԿԱԼ

0
229

ՌՈՒԲԷՆ  ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

 «Երբ պատերազմ է լինում,

 սատանան լայնացնում է

իր դժոխքի սահմանները»:

Իսպանական

 

Վաղուց էր, որ Աննիբալը մեր դուռն էր թակում, եւ ոչ ոքի համար անակնկալ չէր, որ մի քանի անյաջող փորձերից յետոյ բորենիների ոհմակը դարձեալ պիտի նոր յարձակումներ ձեռնարկի: Այո, այսօրուայ եղած  պատերազմը անակնկալ չէ եւ ամէն մարդ գիտէր, որ ուշ թէ կանուխ այն պիտի պայթէր մեր գլխին, միայն թէ աւագ թուրք բորենու  աշխոյժ մասնակցութիւնը գուշակելի չէր թւում՝ ենթադրելով, թէ ամօթի կամ մարդկային որեւէ զգացումներից ելնելով զուսպ կը մնայ եւ չի համարձակուի նման քայլերի դիմել: Միամիտ էինք եւ փաստերը առկայ են: Իզուր չէ, որ Գերմանիոյ վարչապետը այդ գիշատիչին գնահատել է անզուսպ եւ չափ ու սահմանից զուրկ անձ:

Այստեղ անխափան պիտի խոնարհուենք մեր քաջարի ռազմիկների խիզախութեան առջեւ եւ սգանք անգնահատելի անմեղ զոհերի յիշատակը. յաւերժ անդորր նրանց հոգիներին, որ ռազմական աննախադէպ յաղթական ոգով եւ հմտութեամբ դիմակայեցին հրոսակին՝ ոչ մէկ թիզ չզիջելով մինչեւ ատամները զինուած ոհմակին, որ եկել էր հեռաւոր Սիրիայի ու Լիբիայի անապատներում կիսատ թողած մարդակերութիւնը մեր տանը աւարտելու: Պիտի չանդրադառնամ թէժ բախումների դրուագներին, քանզի մամուլը եւ համապատասխան պաշտօնեաները առանց դադարի բարեխղճօրէն տեղեկացնում էն աշխարհով մէկ՝ թոյլատրելի մանրամասնութիւններով:

Կարեւոր է նշել մեր հայրենաբնակների եւ մասնաւորապէս արցախցի հայրենակիցների կամաւոր համախմբուածութիւնը եւ խուճապի չմատնուելու կամք եւ յաղթելու բուռն ցանկութեան ներկայութիւնը՝ ամէն ձեւով սատար լինել ռազմաճակատին: Դա է ապացուցում, երբ անվերջանալի հերթեր են գոյանում արեան հաւաքման կենտրոններում, իսկ Մոսկուացի հայրենակիցները քսան հազարանոց կամաւորների խումբ են կազմել՝ պատրաստ անմիջապէս թէժ գիծ մեկնելու: Մէկ այլ բան մեր ուշադրութիւնը գրաւեց, որ վարչապետի հրաժարում պահանջողները այլեւս ձայն ու ծպտուն չեն հանում:

Թերեւս ամէն ինչ կատարեալ չէ եւ ակամայ սխալներ կան,  որ երբեմն անխուսափելի են, բայց ընդհանուր վիճակը կառավարելի է,  եւ մերոնք բաւական յաջողութիւններ են ապահովել, չնայած հակառակորդի զինապահեստը մեզանից մի քանի անգամ աւելի է մատակարարուած:

Բախումների առաջին պահից երկրի պետական եւ հոգեւոր այրերը իրաւացիօրէն դիմեցին աշխարհասփիւռ հայութեանը  հանգանակութիւնով մասնակցել եւ դժուար կացութեան պայմաններում սատար լինել երկրին, որ ըստ իս ճիշտ եւ տրամաբանական է, մանաւանդ որ մահ ու կենաց խնդրի առջեւ ենք կանգնած եւ նոր եղեռնի մեկնարկը անհնար չի կարելի համարել՝ հեռուից ծանօթ լինելով Էրդողանի մարդակեր ախորժակին:

Արդի պայմաններում մի թերացում է նկատւում մեր իշխանութիւնների կողմից, որ ընդունուած գործելակերպ է, երբ կառավարութիւնը պատերազմական վիճակում կարող է  կիրառել  պատերազմական օրէնքը (lois martiale), որ թոյլ է տալիս գրաւել բանակին անհրաժեշտ բոլոր միջոցները՝ համարուելով իրաւական, առանց դատ ու դատաստանի: Ում են սպասում մեր իշխանաւորները՝ վարչապետի հետ միասին, որ բոլոր դոլարով միլիարդատէրերի աւարից անհրաժեշտ եւ համապատասխան  գումարը գրաւեն՝ պէտք եղած քանակի եւ որակի կործանիչ օդանաւ[1]    ձեռք բերելու համար՝ գիտենալով, որ մեր ունեցածի տասնապատիկը ունի հակառակորդը: Կարելի է ենթադրել, որ այդ պարագային մեր յաջողութիւնները ճակատում աւելի փայլուն կը լինէին եւ նոյնիսկ իմանալով մեր գերակայ դիրքը թշնամին աւելի զգոյշ կը լինէր: Շատ հեռուն չփնտրելու համար պարզամիտ հաշուարկով՝ ռոբ֊ սերժ֊ դոդ եռեակից գրաւած ընդամէնը մէկ միլիարդով կարող ենք քսան ռուսական կործանիչ ունենալ եւ չքաւորի վիճակից ընդմիշտ հրաժարուել եւ նոյն միջոցով եկած երկրորդ միլիարդով գնել մնացած բոլոր զինամթերքները: Անուններ չտանք, իսկ թալանչի սակաւապետարի թիւը բաւական մեծ է եւ նրանցից է որ պիտի գրաւել բանակի անհրաժեշտ գումարները: Անուրջ է այս թէ քմայք՝ «Ֆանտեզիա»: Չմոռանամ յիշեցնել հնուց եկած մի առած՝ «խաղաղութեան միակ ճանապարհը զինուելն է»:

Անհերքելի փաստ է, որ ներկայիս մեր բանակը թէժ գծում ստոյգ առաւելութիւններ ունի  խուժան ոսոխի դէմ-դիմաց եւ յուսանք, որ այն լինի յարատեւ մինչեւ  որեւէ զինադադարի հաստատումը եւ մեր մարտիկները ողջ եւ յաղթական տուն վերադառնան՝ իրենց օջախը շէնացնելու:

Լուսահոգի մայրս պիտի ասէր՝ «Մուրազդ կատար»:

7֊10֊20                                                                       Ռուբէն Յովակիմեան

 

Յ․Գ․

Այս գրութիւնը պատրաստ էր, երբ հայրենի հեռատեսիլով յայտնեցին, թէ դպրոցական առաջին դասարանի մի աշակերտ՝ ընդամէնը եօթ տարեկան  փողոցում ընկոյզ է վաճառում հատը  հարիւր դրամով եւ օրուայ վերջը գործարքի ամբողջ գումարը՝ եօթանասուն հազար դրամ (մօտ հարիւր յիսուն դոլար) յանձնում  է Համահայկական Հիմնադրամին՝ ասելով, որ թող զէնք գնեն, որ յաղթենք: Դէպքը նոյնքան անսպասելի է՝ որքան յուզիչ եւ յայտնի չէ, թէ նախկին Հայաստանի եւ Արցախի չորս նախագահները, որ այսօրուայ մեծահարուստներն են, իրենց հետ ունենալով մի քանի տասնեակ սակաւապետ֊օլիգարխներ՝ իրենց ծննդավայրը վայրի վարձկանների ոտքի տակ անցնելու վտանգի առջեւ են եւ մեր քաջարի երիտասարդներն են, որ դժուարութեամբ կարողանում են դիմակայել եւ սահմանները պահպանել: Շատ հետաքրքիր է գիտենալ, թէ այդ խաժամուժ  ոհմակը   ի՞նչ չափով մասնակցեց դրամահաւաքին՝ ոչ լի կոպեկով յամենայն դէպս քոչը հերոսութիւն համարեց մարտական հագուստով, առաջին օրն իսկ այցելել Արցախ նկարուելու: Ըստ  Վազգէն Շուշանեանի «նրանց սրտում կտոր մը Մասիս չկա՞յ»֊ կարծում եմ ոչ:

Պիտի կրկնեմ, քանի իմ համոզմամբ ճիշտ կը լինի  սահմանել պատերազմական օրէնքը (lois martiale), որ թոյլ է տալիս օրինական ճանապարհով ետ բերել բոլոր գողօնները, իսկ այդ քայլի շնորհիւ պիտի կարողանանք կործանիչ օդանաւեր ու տարբեր տեսակի անհրաժեշտ զէնքեր ձեռք բերել, եթէ մեր նպատակը յաղթելն է: Խնդրեմ, ով հնարաւորութիւն ունի այս միտքը վարչապետին հասցնելու֊ թող չը վարանի: Մենք դեռ շատ եւ կատարեալ զէնքի պահանջ եւ կարիք ունենք, քանզի զինադադարը հեռու է խաղաղութիւնից մանաւանդ մեր ունեցած դրացիների պայմաններում:

Կեցցէ հայութիւնը իր քաջարի բանակով:

ՌՅ

 

[1]Ըստ ինձ հասած տուեալների ֆրանսական ՌԱՖԱԼ֊ը արժէ մօտ ութսուն միլիոն դոլար, ռուսական ՍՈՒ-29՝ վաթսուն,

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here