Նուռը

0
57
ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Հորիզոնը ծանրացել էր գյուղի դաշտերից ու այգիներից: Հակինթ ջրերում կիսալուսինն էր: Խաղաղ ու լուռ էր մի քանի ժամ: Հետո վրա հասավ սպասված առավոտը: Աշնանային ծակող արևի ճառագայթները հայտարարացին օրվա սկիզբը: Գյուղում եռաց կյանքը՝ ամեն օրվա պես:
Հարուստ հողատիրոջ խնամված պարտեզում արթնացավ նաև տանձենին, որի ճյուղը, հասած բերքի ծանրությունից ,տնքա՜ց, տնքա՜ց, և չդիմանալով՝ գրկից վայր նետեց մի հաստափոր տանձ:
Սա գլորվեց, ընկավ նռան ծառի տակ: Շոգ էր: Դե՜ս նայեց, դե՜ն նայեց… Արևն այնպես էր գրկել ծարավ հողը, որ անհնար էր տանձի համար այնտեղ անշարժ պառկելը: Նայեց վերև, և ի՞նչ տեսնի: Նռնենու ճյուղերը ՝ թեթևացած ու անհոգ: Բերքը նախորդ օրն էին հավաքել: Ծառին ամենավերևում մի նուռ էր միայն: Ծիծաղեց տանձը, ծիծաղեց ու ձայն տվեց.
-Այդ ի՞նչ է, Նուռ քույրիկ, ո՞ր մեղքիդ համար են թողել քեզ կրակի բերան՝ ծառից կախ: Ի՞նչ է, ուզում են, որ երկար- բարակ տանջանքներից հետո արնաքամ լինես ու չորանա՞ս:
Նուռը նայեց ներքև, թափ տվեց ինքն իրեն ու հայտնվեց տանձի ուղիղ կողքին:
-Ես կարող էի այստեղ հայտնվել, երբ կամենայի: Պարզապես այնտեղ՝ վերևում լինելը, շատ ավելի լավ է, քան ծառի տակ ընկած:
-Դե հա, քեզ ի՞նչ կա որ: Հա՜ստ կաշի ունես: Կդիմանաս: Չոր ես՝ կխփես մեկի գլխին, և նա ուշագնաց կփռվի ոտքերիդ տակ: Էլ չեմ ասում՝ կեղևիդ տակ մի ամբողջ բանակ ունես: Հա՜-Հա՜-Հա՜…
Լուռ էր նուռը: Լսեց, սիրտը ճաք տվեց, պատռեց կեղևն ու, երկու կաթիլ արյուն ընկավ տանձի ձեռքին:
-Քո՝ ինձ տված բնութագիրը ճիշտ է, չեմ ժխտում: Դու ուրիշ կյանքի ես սովոր՝ փափուկ ու քաղցր: Իսկ իմ՝ նույնիսկ քաղցրության մեջ դառնություն կա:Դու՝ քեզ փայփայանքը պարտադրանք ես համարում, ես՝ բախտ: Քո ասածի մեջ ճշմարտություն կա, բայց դու չգիտես իմ պատմությունը,- ասաց նուռը , հարմար տեղավորվեց ծառի տակ ու սկսեց խոսել.
-Մի ժամանակ ես էլ խարտյաշ էի ու կապուտաչյա, ալ կարմիր շուրթերով և շատ բարակ մաշկով: Ես էլ նուրբ էի քեզ պես: Դարերով մաքառել եմ և կոփվել այդ ճանապարհին: Հակառակ դեպքում տեսակս այսօր վերացած կլիներ: Նախ՝ կաշիս հաստացավ, որ սահման լինի ներքին և արտաքին աշխարհների մեջ: Ճիշտ այնպես, ինչպես երկրի սահմաններն են նրան պահպանում: Մինչ օրս էլ համեստ ու լուռ եմ ես, քանի դեռ արևի ճառագայթները հոգիս չեն հանում: Այդ դեպքում ճաք եմ տալիս, ինչպես երբեմն հակահարվածի համար ստիպված են լինում ականը նետել թշնամու հողը:
Հատիկնե՞րս…Այո՜, շատացել են, բայց միմյանց նկատմամբ հանդուրժող են՝ իսկական նեղ օրվա ընկեր: Երբեմն, չեմ ժխտի, նաև վիճում են, բայց հենց վտանգի տակ եմ, նրանք մի բռունցք են դառնում, մի ամբողջությո՜ւն…Ինչպես, ասենք, բանակը:
Իսկ գույնս…Պատմությամբ, սիրով ու վրեժով առլեցուն գույնս…Մի ժամանակ այն սպիտակ էր, նույնիսկ թափանցի՜կ: Բայց տարիների խորքից եկած խոշտանգումների ու մաքառումների ճանապարհին տեսակս պահպանելու, գոյատևելու համար այնպիսի՜ բաներ եմ տեսել, որ աչքս արյունով է լցվել՝ զինվորիս, հատիկիս արյունով: Հիմա գիտես իմ մասին ամեն ինչ: Բայց դու մի կարծիր, որ ես հուսահատ եմ: Այդ գույնն ինձ ուժ է տալիս: Եվ ես քաղցրությունից եմ ճաք տալիս, թեպետ քաղցրությանս մեջ նաև դառնություն կա: Իմ տեսակն ուրիշ է: Այն խորհրդանշական է:
Ասաց ու լռեց…
Լուռ էր նաև տանձը: Նա պատասխան չուներ: Հասկացել էր նռան գերակայությունը: Գտել էր նռան մեջ իրեն պակասող սեփական գոյության արդարացումը: Միայն լու՜ռ խոնարհվեց Նռան առաջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here