ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը

0
153

https://www.azatutyun.am-Արմեն Քոլոյան

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան, Նյու Յորք, արխիվ:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:

«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:

«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ»,- նշել է Վասիլի Նեբենզյան:

Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ:

«Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը»,- ասել է Նեբենզյան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավելևս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը:

«Թե ով և ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է»,- ասել է Վասիլի Նեբենզյան:

Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախաձեռնությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի նոր պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, արդեն մեկ անգամ քննարկել է հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին համաձայնեցրել են հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, սակայն այն չի գործել: Հրադադարի ևս մեկ անհաջող փորձ եղել է հոկտեմբերի 18-ին:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերն առաջիկայում կհամաձայնեցնեն հրադադարի վերահսկումը:

Երեկ ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն գալիք ուրբաթ օրը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ապա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենա հանդիպում եռակողմ ձևաչափով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցներում ասել են, որ պատրաստ են հանդիպել և բանակցել Մոսկվայում, սակայն հնարավոր հանդիպման հստակ օրը դեռ չի հայտարարվել:

Երեկ ղարաբաղյան խնդրով գումարվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների ղեկավարները, «Իմ քայլի», «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները:

Դրանից հետո վարչապետը ղարաբաղյան խնդիրը քննարկել է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here