Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի. Փաշինյանը՝ Ադրբեջանի նկրտումների մասին

0
72

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով և նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է:

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է մինչև վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:

«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,- ասաց վարչապետը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here