Անգարայի Պայմանները Եւ Մոսկուայի Մերժումները

0
44

ՇԱՀԱՆ  ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել՝ հրահրելով արցախյան պատերազմը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ստանձնել է պարտականություն բացելու բոլոր փակագծերը։ Օքթայի ասածն ունի հիմնական երկու բաղադրիչային բովանդակություն։ Քաղաքական եւ ռազմական։ Առաջինը այն, որ որեւէ բանակցություն եւ պայմանավորվածություն չի կայանա առանց Անկարայի մասնակցության։ Երկրորդը, եթե ծրագրավորվում է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականցնելու մասին, ապա իրենց զորքերը պատրաստ են ռազմական գոտի մեկնելու, եթե Բաքուն դրա կարիքը զգա եւ դիմի։

Անկարայի մասնակցությունը արդեն պայմանականացվել է թե Բաքվի, եւ թե Անկարայի կողմից։ Կարգավորում չի լինելու առանց Թուրքիայի մասնակցության։ Այստեղ Ալիեւը պարզապես կրկնել է Անկարայի իր վարիչների ասածը։ Երկրորդը՝ շատ միամիտ է ձեւակերպվել. Անկարան զորքեր կուղարկի, եթե Բաքուն դիմի։ Պարզ է, որ Անկարան կպատվիրի, Բաքուն էլ կդիմի, երբ պահը գա։ Իսկ այդ պահը կորոշի Անկարան, նայած թե երբ Մոսկվան կսկսի գործնականացնել պատերազմական գոտի իր զորքերի ուղարկման գործընթացը։

Անկարայի արածը հակակշիռ քայլեր եւ հայտարարություններ են Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան միայնակ չի կարող ղեկավարել բանակցությունները, դրա համար էլ խառակողմ ձեւաչափն է առաջարկում Անկարան։ Հիմա էլ ասում է, որ միայնակ չի կարող երաշխավորել խաղաղությունը զորքեր ուղարկելով։

Այստեղ կա երանգային տարբրերություն։ Մոսկվան խոսում է խաղաղապահ առաքելության մասին եւ ասում, որ զորքերը կարող են տեղակայվել, եթե հակամարտող երկու կողմերը դրա համար դիմեն։ Անկարայի դեպքում դիմումը միակողմանի է, հետեւաբար ոչ թե խաղաղապահ առաքելության մասին է, այլ մի կողմի օժանդակության։ Խոսքը առաջին հայացքից ադրբեջանական զորքերի կողքին թուրքական բանակների մասնակցության մասին է, ինչն արդեն տարբեր ձեւաչափերով արվում է։ Ավելին՝ ադրբեջանական տարածքներում առաջադրվում է թուրքական ռազմակայաններ տեղադրել, այսինքն՝  Թուրքիայի ռազմական մուտքն ապահովել Հարավային Կովկաս կամ՝ ռուսական ռազմաքաղաքական տիրույթում մասնաբաժին վերցնել։

Ռազմաքաղաքական գործարքի այս առաջարկը դժվար թե ընդառաջվի Մոսկվայի կողմից։ Իրանը այս միտումից անհանգիստ լինելու պատճառներ ունի ոչ միայն իրեն սահմանամերձ շրջակայքը նոր ազդեցության զինվորական գոտիների վտանգը նկատելով, այլ նաեւ գործընթացից դուրս մնալով։ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը Անկարայի ձեռնարկած քայլերում գուցե տեսնեն ռուսական ռազմաքաղաքական տիրույթում հավանական ճեղքում եւ դրա համար էլ  զսպիչ քայլերի չգնան այս հանգրվանում։  Վաշինգտոնը դեռ չի պարզել հանգուցալուծման իր ծրագիրը, որին ակնարկներ են եղել։

Այս հանգամանքները դիտարկելով նկատենք, որ ռազմաճակատում ստեղծվել է որոշակի ստատուս քվո. վերջին օրերին նկատելի առաջընթացներ կամ նահանջներ չեն գրանցվում՝ հակառակ ծանր մարտերին։

Շահան Գանտահարյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here