Արայիկ Յարութիւնեանի Բաց Նամակը՝ Ռուսիոյ Նախագահ Փութինին

0
76

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան բաց նամակով դիմեց Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինին՝ անկէ խնդրելով գործադրել բոլոր կարելի ջանքերը ատրպէյճանական-արցախեան տագնապի գօտիին մէջ պատերազմը դադրեցնելու եւ քաղաքական գործընթացներու վերսկսելու։

Ստորեւ՝ նամակին ամբողջութիւնը.

«Մեծարգոյ Վլադիմիր Վլադիմիրի,

«Արցախ-Ռուսաստան առնչութիւնները դարերի պատմութիւն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական յիշողութեան մէջ ընկալւում է որպէս եղբայրական երկիր, որը մշտապէս, բոլոր դժուարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայութեան այս հատուածին:

Արցախ-Ռուսաստան առնչութիւններն ամենաուղիղ կերպով իրականացուել են յատկապէս Արցախի մելիքութիւնների եւ մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայութիւնները բազմաթիւ են:

«Մէկ հարիւրամեակից աւելի (19րդ դարում եւ 20րդ դարի 10ական թթ.) Ղարաբաղը գտնուել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանաւորուել է երկարատեւ խաղաղութեամբ, հայրենադարձութեամբ եւ տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաեւ մշակութային կեանքը: Յատկանշական է, որ 19րդ դարի երկրորդ կէսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգեւոր, մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոններից մէկը:

«Նոյն պատմաշրջանում Ռուսական կայսրութեան ռազմաքաղաքական եւ հասարակական կեանքում առաջնային դերակատարութիւն է ունեցել արցախահայութեան մի ողջ համաստեղութիւն` Վալերիան Մադաթով, Յովհաննէս Լազարեւ, Լազար Սերեբրեակով, Միքայէլ Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով եւ ուրիշներ:

«Այդ առնչութիւնները շարունակուել են նաեւ խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից եւ պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կէսը իրենց կեանքն են նուիրաբերել հայրենիքի պաշտպանութեան գործին: Մէկ շնչի հաշուով Խորհրդային Միութեան հերոսների եւ մարտական «Փառքի շքանշան»ի ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄում զբաղեցնում էր առաջատար տեղերից մէկը:

«ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին` Յովհաննէս Բաղրամեանը, Իւան Իսակովը, Համազասպ Բաբաջանեանը, Արմենակ Խանփերեանցը (Սերգէյ Խուդեակով), Սերգէյ Ագանովը: Իրենց զօրավարական տաղանդով փայլել են 30ից աւելի գեներալներ ու հազարաւոր սպաներ:

«Արմատներով Արցախից էին Անաստաս եւ Արտեոմ Միկոյեանները, Իւան Թեւոսեանը, Անդրանիկ Իոսիֆեանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայէլ Թարիւերդիեւը եւ բազմաթիւ այլ երախտաւորներ:

«Արցախ-Ռուսաստան սերտ առնչութիւնները շարունակւում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մօտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թւում շատ են նաեւ 1980ական թթ. վերջին եւ 1990ական թթ. ադրբեջանական ցեղասպան եւ էթնիկ զտումների քաղաքականութեան հետեւանքով Արցախից բռնի տեղահանուածները:

Կը ցանկանայի յատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերում Ռուսաստանն իրացրել է միջազգային իրաւունքով սահմանուած ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում Ռուսաստանն հանդէս է գալիս թէ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում եւ թէ առանձին դերակատարութեամբ: Արցախի Հանրապետութիւնը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիւ դերակատարութիւնը եւ որոշիչ առաքելութիւնը հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերում` յատկապէս, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: Ռուսաստանն որոշիչ դերակատարութեամբ հանդէս եկաւ նաեւ ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան սրման հերթական փուլում` 2016թ. Ապրիլի 5ին` Ռուսաստանի միջնորդութեամբ Մոսկուայում ձեռք բերուեց պայմանաւորուածութիւն ռազմական գործողութիւնները դադարեցնելու եւ հրադադարը վերականգնելու մասին` համաձայն 1994թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

«Բարձր ենք գնահատում ՌԴ եւ անձամբ ձեր դիւանագիտական գործուն ջանքերն` ուղղուած Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած ագրեսիան (յարձակումը-Խմբ.) եւ լայնածաւալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետութիւնում եւ ողջ հայութեան շրջանում մեծ արձագանգ են ստացել «Վալդայ» ակումբում ձեր ելոյթում հնչած օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) գնահատականները ստեղծուած իրավիճակի մասին:

«Դուք նշել էք ձեր ելոյթում. «Այս հակամարտութիւնը սկսուեց ոչ թէ որպէս միջպետական հակամարտութիւն եւ տարածքների համար պայքար, այն սկսուեց էթնիկ դիմակայութիւնից: Ցաւօք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դէմ դաժան յանցագործութիւններ էին իրագործուել: Եւ այս ամէնը մենք պէտք է հանրագումարում հաշուի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականութիւնն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

«Մեծարգո՛յ Վլադիմիր Վլադիմիրի,

«Դուք այն անհատականութիւնը եւ պետութեան ղեկավարն էք, ով ունի հսկայական հեղինակութիւն աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Հաշուի առնելով այդ ամէնը, խնդրում ենք ձեզ գործադրել բոլոր հնարաւոր ջանքերն ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղութեամբ»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here