Արցախի Դէպքում «Անջատում Յանուն Փրկութեան» Սկզբունքը Կը Կանխի Մեր Ժողովրդին Ուղղուած Ադրբեջանաթուրքական Վտանգները

0
93

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած լայնածաւալ յարձակումը (ագրեսիան) Արցախի եւ Հայաստանի դէմ շարունակւում է միջազգայնօրէն դատապարտելի միջոցներով, այդ թւում՝ ռազմական, պատերազմական յանցագործութիւնների կատարմամբ: Դրա հետեւանքով, ստեղծուել է մարդասիրական լուրջ ճգնաժամ, աւերուել են, ոչնչացուել են բազմաթիւ ենթակառուցուածքներ, գիւղեր, քաղաքներ Արցախում, յարձակման են ենթարկուել նաեւ առանձին բնակավայրեր Հայաստանում: Այս մասին, հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը՝ Հոկտեմբերի 23ին կայացած մամուլի ասուլիսում: Նա նշեց, որ ճգնաժամը նրբերանգ ունի, այն է՝ Արցախի հայութիւնը զրկուած է միզագային կազմակերպութիւնների կողմից մարդասիրական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից. ելնելով Արցախի կարգավիճակից միջազգային կազմակերպութիւններն ու երկրները հրաժարւում են  մարդասիրական օգնութիւն ցոյց տալ արցախահայութեանը, որը գտնւում է ծայրայեղ ծանր իրավիճակում, եւ անտեսւում է այն փաստը, որ այդ օգնութեան կարիքն ունեն խաղաղ բնակիչները, ներառեալ՝ երեխաները, կանայք ու  տարէցները:  Արմէն Բայբուրդեանը տեղեկացրեց, որ աղէտալի իրավիճակ է ստեղծուել նաեւ համաճարակով պայմանաւորուած, որովհետեւ ադրբեջանական կողմը, միտումնաւոր կերպով  իր սպանուած զինծառայողների դիակները թողնում է մարտի դաշտում:

Գլխաւոր հիւպատոսն անդրադարձաւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ կիրառուող միջազգայնօրէն արգելուած զինատեսակների օգտագործմանը, ինչը հաստատել են  միջազգային կազմակերպութիւնները, այդ թւում՝ «Ամնեսթի Ինթերնեյշնլ»ը: Բայբուրդեանը խօսեց նաեւ հրադադարի փորձերի մասին, որոնք խախտուեցին Ադրբեջանի կողմից եւ նշեց, որ գործ ունենք Թուրքական յարձակման հետ. «Թուրքիան իր նպատակներն ու ձգտումներն ունի տարածաշրջանում, որն ուղղուած է տարածաշրջանում իր ազդեցութեան մեծացմանը, այն ապակայունացնելուն,  հայերի Էթնիկ  (ցեղային) զտումներին՝ կոտորած կազմակերպելու միջոցով, եւ պատահական չէ, որ մենք վերյիշում ենք Ցեղասպանութեան իրենց կողմից շարունակուող քաղաքականութեան մասին, եւ իրենք էլ դա թաքցնում: Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է, որ մերժի խաղաղութեան հաստատումը, եւ հեռահար նպատակն է, վերցնել Ադրբեջանի  էներգետիկ ռեսուրսներն (ուժանիւթի պաշարները) ու դրանց փոխադրման միջոցները՝ գազամուղները, նաւթամուղները, նաեւ երկաթուղային ուղիներն ամբողջապէս իր հսկողութեան ներքոյ, ինչը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, եւ աշխարհի համար», նշեց դիւանագէտը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը չափազանց կարեւորում է Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումը, անկախութեան եւ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն ու իրացումը: Նա ներկայացրեց «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքը, եւ խօսեց այն մասին, թէ ինչպէս է այսօր դա կիրառելի, ինչպէս կարող ենք համահայկական ջանքերն ուղղել՝ այդ տարբերակով, միջազգային սկզբունքի միջոցով Արցախի անկախութեան ճանաչմանը, ինչը կը կանխի այն բոլոր սպառնալիքներն ու վտանգները, որ Ադրբեջանը եւ Թուրքիան տածում են մեր ժողովրդի հանդէպ: «2005թ.ին, ՄԱԿի համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, որպէս միջազգային իրաւունքի կարեւորագոյն բաղադրիչ ձեւաւորուեց «պաշտպանելու պարտականութեան» սկզբունքը, եւ «անջատում յանուն փրկութեան» սկզբունքը բխում է միջազգային հէնց այդ նորմից: «Պաշտպանելու պարտականութիւնը» ձեւաւորուեց՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ շատ երկրներ կան, որոնց կառավարութիւնները չեն կարող կամ չեն ցանկանում պաշտպանել իրենց տարածքում ապրող բնակչութեանը եւ չեն ստանձնում այդ պարտականութիւնը մարդկային չորս աղէտներից: Առաջինը, որ յստակ նշւում է՝ ցեղասպանութիւնն է, երկորրդը՝ պատերազմական յանցագործութիւնները, երրորդը՝ մարդկութեան դէմ կիրառուող յանցագործութիւնները, եւ չորրրոդը՝ էթնիկ զտումները: Միջազգային հանրութիւնը եկաւ այն եզրակացութեան, որ եթէ տեղական կառավարութիւնը չի ստանձնում այդ պատասխանատուութիւնը նշուած չորս դէպքերում, ապա միջազգային հանրութիւնն իրեն իրաւունք է վերապահում միջամտելու մարդասիրական ձեւերով, եւ այդ միջամտութիւնը կարող է իրականացուել նաեւ ռազմական ճանապարհով: Այդ ընդհանուր հիմքի վրայ, կարեւորագոյն դրոյթ է՝ «անջատում յանուն փրկութեան» սկզբունքը, այսինքն, երբ իրավիճակը ենթադրում է, որ անջատումը պէտք է ճանաչել եւ իրականացնել», մեկնաբանեց Բայբուրդեանը: Ըստ դիւանագէտի, միջազգային պրակտիկայում (կիռարութեան, փորձառութեան) բազմաթիւ փաստեր կան, որ կիրառուել են ինչպէս պաշտպանելու պարտականութեան, այնպէս էլ «անջատում յանուն փրկութեան» սկզբունքը, եւ դա մեզ լիարժէք հնարաւորութիւն է ընձեռում, միջազգայնօրէն, իրաւաբանօրէն, հետամուտ լինել եւ հասնել այս նպատակին: Արմէն Բայբուրդեանը կարեւորեց ընդունումն ԱՄՆ կոնգրեսում, նահանգային օրէնսդիր մարմիններում, մարզային եւ քաղաքային կառավարման մարմիններում եւ այս ուղղութեամբ ջանքերի հետեւողական իրականացումը:

Գլխաւոր հիւպատոսը նշեց, որ Միացեալ Նահանգների՝ Թուրքիայի վրայ ազդելու լծակները, որ կարող է կիրառել երկկողմ յարաբերութիւնների կամ ՆԱՏՕի շրջանակներում, թուրքերին պատերազմից  հեռացնելու նպատակով՝ ուղիղ ճանապարհ կը հանդիսանայ դէպի հրադադարի հաստատում: «Միացեալ Նահանգների մօտեցումը համարում ենք կառուցողական, բայց նաեւ գտնում ենք, որ աւելի շատ, աւելի յստակ եւ գործնական  քայլեր կատարելու դէպքում ԱՄՆ վարչակազմը  կը կարողանայ սաստել Թուրքիային, եւ զերծ պահել յարձակումից»:

Անդրադառնալով Սփիւռքից Արցախին ու Հայաստանին ուղղուած օժանդակութեանը, Արմէն Բայբուրդեանը յայտնեց, որ Համահայկական հիմնադրամին ուղղուած գումարի չափը հատել է 137 միլիոն 500 հազարի  սահմանը, եւ դա արտացոլումն է համահայկական հաւաքական ջանքերի: «Սակայն այդ գումարը բաւարար չէ այսօր, երբ հայրենիքում կենաց ու մահու կռիւ է, երբ թշնամին ոտնձգութիւններ է կատարում մեր սրբազան հողի դէմ, մենք Սփիւռքում պէտք է բազմապատկենք մեր ջանքերը», յայտարարեց գլխաւոր հիւպատոսն ու ներկայացրեց Համահայկական հիմնադրամի ներքոյ ստեղծուած նոր «50 պլիւս» կոչուող ծրագիրը, ինչն ըստ նրա, ենթադրում է երկարաժակմետ ներդրում եւ աջակցութիւն հայրենիքին: Բայբուրդեանն ընդգծեց, որ առաջնային է ֆինանսական միջոցների հոսքը, սակայն անհրաժեշտ են որոշ ապրանքատեսակներ նաեւ, որ աւելի նպատակայարմար է ուղարկել այստեղից: Նա նշեց, որ առաջին անհրաժեշտութեան իրերի ու բժշկական սարքաւորումների ցուցակները կարելի է ստանալ հիմնադրամից: «Խաղաղութիւնը հնարաւոր կը լինի ապահովել մեր հերոսական պայքարի ճանապարհով: Այսօր աշխարհն է համոզուել, որ գործ ունի համայն հայութեան հետ, եւ ամէն մէկս մեր մասով եկէք լծուէնք այդ յաղթանակին հասնելու համար», հայրենակիցներին կոչով դիմեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here