Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և Ռուսաստանի համբերությունը

0
62

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձևեր է ընդունում: Կողմերի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են տակտիկական, իսկ որոշ տեղերում նաև պարտիզանական մարտեր: Կողմերը շարունակում են կրել զինուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմը առաջվա պես սպառնում է վերաճել տարածաշրջայինի: Հակամարտության վտանգների մասին գրում են աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ ու դիվանագետներ են արտահայտում հրադադարի վերականգնման և քաղաքական բանակցությունները վերսկսելու օգտին: Ինչու՞ մինչև այժմ հրադադարի ռեժիմը չի հաստատվել հակամարտության գոտում: Ինչու՞ են ուշանում գերտերությունների ներկայացուցիչների հորդորները: Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվում պայմանավորվել հրադադարի վերականգնման կամ նոր հրադադարի հաստատման վերաբերյալ: Այս վերլուծական մշակման մեջ կփորձենք բացել ստեղծված ոչ պարզ իրավիճակի որոշ մանրամասներ:

 

Լեռնային հակամարտության գոտում խաղաղապահների հարցի պատմությունից

 

1993-94թթ. տողերիս հեղինակը իբրև հայ դիվանագետ առիթ է ունեցել բազմիցս մասնակցելու հանդիպումներին և բանակցություններին, որոնց նպատակն էր ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի ստեղծումը և նրանց մուտքը հակամարտության գոտի: Այն ժամանակ այս գաղափարը թվում էր նոր և լավը: Հասկանալի էր, որ ելցինյան Ռուսաստանը միայնակ չի կարողանա ապահովել խաղարարար գործընթացը հակամարտության գոտում: ԵԱՀԿ մյուս խաղացողները ուսումնասիրում էին բազմազգ ուժերի ստեղծման և հակամարտության գոտի դրանք մտցնելու հնարավորությունը: Այն ժամանակ գործը հասավ կոնկրետությանը այն հարցերում, թե ինչպե՞ս է իրականացվելու խաղաղապահ կոնտինգենտի կապը կազմակերպության անդամ երկրների հիմնական ռազմական հենակետերի հետ և թե ինչպե՞ս է կառավարվելու այս անձնակազմը: Այն ժամանակ հենց նոր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում էր հետաքրքրություն առաջացնել այս գործընթացի հանդեպ, իսկ ամերիկյան ստրատեգները դիտարկում էին ընձեռնված հնարավորությունը դեպի հետխորհրդային տարածք Արևմուտքի առաջխաղացման ընդհանուր պատկերում: Հիշում եմ, որ արդեն այն ժամանակ շատ ակտիվ էին թուրք դիվանագետները: Թուրքական ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները սկսեցին հաճախակի այցելել Երևան և հետևողականորեն առաջարկում էին իրենց ծառայությունը խաղարարաների և խաղաղ գործընթացում միջնորդների դերում: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հնարավորություններ էին փնտրում կարգավորելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները և այս հարցն էլ դիտարկում էին նորմալացման գործընթացի ընդհանուր փաթեթում: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ Թուրքիան, թիկունքում ունենալով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, ձգտում է հիմնավորվել Հարավային Կովկասում, ընդյլանել այստեղ իր քաղաքական և ռազմական ներկայությունը և միաժամանակ բացիեբաց հանդես գալ Ադրբեջանի օգտին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, վերջիններիս ստիպելով տարածաշրջանի նոր հեգեմոնների կանոններով խաղալ: Այն ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգովորման, դիվանագիտական հարաբերությունների հաստաման և սահմանների բացման փորձերը անարդյունք եղան և Հայաստանը հասկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին (որի անդամ էր և անդամ է Թուրքիան), որ պաշտոնական Անկարան չի կարող ընդունելի միջնորդ լինել խաղաղարար գործընթացում այն պարզ պատճառով, որ միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին և չի ցանկանում հաշվի նստել հայկական կողմի փաստարկների հետ: 1998թ. Հայաստանում իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի միջնորդական դերի քննարկումները հիմնականում ընդհատվեցին, չնայած առանձին պահերի Թուրքիան ձեռնարկում էր նոր փորձեր ստիպելու Հայաստանին ընդունել իրեն իբրև ազդեցիկ խաղաղապահ: Արդեն 90-ական թթ. հայկական դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկը դարձավ բացատրել ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի կարող լինել միջնորդ նաև այն պատճառով, որ ցուցաբերել և ցուցաբերում է Ադրբեջանին բազմակողմանի (այդ թվում նաև ռազմական, տեխնիկական, քաղաքական, դիվանագիտական) օգնություն: Եվ միայն թուրք զինվորականներն էին, որ այն ժամանակ չկային ռազմաճակատի առաջնագծում: Սակայն վերջին քսան տարիներին Թուրքիան անընդհատ մեծացրել է իր ռազմաքաղաքական ներկայությունը Ադրբեջանում և պաշտոնական Բաքվի հայերի հանդեպ ատելությամբ համակված քաղաքական ղեկավարությունը, հենվելով «մեկ ազգ՝ երկու պետություն» դոկտրինի վրա, ստեղծել է դրա համար բոլոր հնարավորությունները:

 

Ռուսաստանը և Թուրքիան դիմակայության և համագործակցության միջև

 

Ձգտելով ամեն գնով խանգարել Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշինքին, թուլացնել Հայաստանը և նրա դեմ հանել թյուրքական և իսլամական աշխարհը, Ադրբեջանը ձգտում էր իր կողմը գրավել ռուսաստանյան վերնախավերը, ջանքեր չխնայելով բացատրելու, որ ինքն ավելի լավ և ավելի վստահելի գործընկեր է ռուսի համար, քան հայերը: Ռուսաստանը բարեհաճորեն ընդունում էր ադրբեջանական հավաստիացումները, հստակ հասկացնելով, որ Հայաստանը դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր և հիմա էլ կարևոր է ամենասերտ կապերի պահպանումը թե՛ հարավկովկասյան դաշնակցի, թե՛ հարավկովկասյան գործընկերոջ հետ: Վրաստանից հեռանալուց հետո Ռուսաստանը շատ զգայուն և ուշադիր կերպով է գնահատում Կովկասի հարավում իր ներկայության հեռանկարները: Սակայն Ադրբեջանը, ունենալով որոշակի հնարավորություններ զորաշարժի և քաղաքական-դիվանագիտական ակտիվության համար, ավելի ու ավելի էր հակվում Թուրքիայի հետ դաշինքին՝ կառուցելու համար մեծ Թուրան և, միաժամանակ, իրականացնել որոշակի առաքելություն համոզելու համար Ռուսաստանին, որ այդ մեծ Թուրանը Ռուսաստանի դեմ չէ, և որ հնարավոր է սլավոնական և թյուրքական նախասկիզբերի մեծ մեկտեղում: Այստեղ հարկ է ասել մի քանի բառ այս համադրույթի մասին: Ժամանակակից պուտինյան Ռուսաստանը հանդես է գալիս եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի դերում: Ինչպես հայտնի է, ռուսաստայան եվրասիականությունը հենվում է արևելասլավոնական և թյուրքական աշխարհների միջև մեծ ներդաշնակության գաղափարական հենասյուների վրա: Հիմա, հենվելով անցած վեց տարիներին եվրասիական տնտեսական ինտեգրման հաջող զարգացման վրա, Ռուսաստանն առաջարկում է ներգրավել Մեծ եվրասիական գործընկերության մեջ գործնականում ողջ Մեծ Եվրասիան, այդ տվում է թյուրքական աշխարհը: Թուրքիան (և դա գաղտնիք չէ) նույնպես տեսնում է իրեն եվրասիական ինտեգրման լոկոմոտիվի դերում, որտեղ կկարողանա ներառել իրենում առաջին հերթին թյուրքական երկրները և, այնուհետև, հնարավոր է նաև իսլամական եվրասիական աշխարհը: Մենք գրել ենք ժամանակակից թուրքական և ադրբեջանական վերնախավերի նեոօսմանական հավակնությունների մասին և հարկ չենք համարում այստեղ կրկնվել: Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ իրենց ապագա ինտեգրված եվրասիական տեսլականում Ռուսաստանը և Թուրքիան ու Ադրբեջանը կլինեն կամ գործընկերներ, կամ՝ մրցակիցներ: Ահա մեծ Թուրանի հետ այդ առճակատումից է ուզում խուսափել Ռուսաստանը: Հենց այդ պատճառով է, որ Ղրիմի, Հյուսիասային Կովկասի, Վոլգյան-կասպիական տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի հարցերում Թուրքիայի հակառուսական ակտիվությանը Ռուսաստանը հակադրում է հանգիստ, ընդհանուր առմամբ զսպված, չաձած-ձևված դիրքորքշում: Եվ դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը պատրաստ է կատարելու իր դաշնակցային պարտքը Հայաստանի հանդեպ, եթե դա անհրաժեշտ լինի, ինչի մասին պարզ և աներկբա հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստնի և Թուրքիայի միջև բացիեբաց առճակատումից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում անցած տասնամյակներին հնարավոր է եղել խուսափել նաև այն պատճառով, որ 25 տարի առաջ ԵԱՀԿ ետնաբեմերում այդպես էլ չկարողացան պայմանավորվել հակամարտության համար խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման, նրա գործառույթների և լիազորությունների մասին: Այն ժամանակ Հայաստանը, չճանաչված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը նույնիսկ հպարտանում էին, որ կրակի դադարեցման ռեժիմն ու հրադադարն ամբողջությամբ պահպանվել են սեփական ուժերով առանց միջազգային ազդեցիկ դերակատարների մասնակցության: Դա լավատեսություն էր ներշնչում, որ նման ռեժիմի պայմաններում կողմերը կարող են և պայմանավորվել կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ: Սակայն կյանքը ցույց տվեց բոլորովին հակառակը: Ադրբեջանական իշխանությունների անսահման ատելությունն ու հայատյացությունը հանգեցրեց հետևյալ պարզ և հասկանալի նպատակի. տիրել Լեռնային Ղարաբաղին հայերով կամ առանց հայերի, հակառակ պարագայում հիմնահատակ ավերել տարածաշրջանը, ֆիզիկապես ոչնչացնել հայկական տարրը, ամեն գնով վերահսկողություն հաստատել հակամարտության ամբողջ գոտու նկատմամբ: Այս հարցի լուծման համար Ադրբեջանը կանգ չառավ ոչ թուրքական քաղաքական-դիվանագիտական և ռազմական վերահսկողության, ոչ ավելի քան 2000 սիրիական ահաբեկիչներ երկիր մտցնելու, ոչ էլ Աֆղանստանից և Պակիստանից վարձկաններ հրավիրելու առջև: Եվ հիմա արդեն Թուրքիան է բարձրաձայն հայտարարում, որ ինքը ոչ պակաս խաղաղապահ իրավունքներ ունի հակամարտության գոտում, քան Ռուսաստանը: Եվ դա այն իրողության համապատկերում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց Ռուսաստանին, խնդրելով առաջատար դերակատարություն ստանձնել խաղաղության և կայունության հաստատման գործում և հիշեցրեց հայերի պատմական ճակատագրում Ռուսաստանի առաքելության մասին:

 

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հարցի շուրջ

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է հակամարտության գոտի խաղաղապահ կոնտինգենտ մտցնել: Այս հայտարարությունը միանգամայն հասունացած է, քանի որ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում ժամանակակից պատերազմն ընթանում է աննախադեպ ատելության ընդհանուր համապատկերում: Եվս մեկ անգամ կուզենայինք շեշտել, որ Ռուսաստանն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում ամենամեծ ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա: Դա ընդունում են նաև մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ցանկանում են տեսնել Ռուսաստանին հակամարտության գոտում: Թվում է, որ այդ ազդանշանը բավական կլինի, որպեսզի ԵԱՀԿ-ում ավելի քան 20 տարի անց կրկին սկսվեն ինտենսիվ խորհրդատվություններ խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման և նրա մանդատի վերաբերյալ: Քաղաքական դիտորդները Հայաստանում, ովքեր գիտեն Ղարաբաղյան հարցի պատմությունն ու դիվանագիտական նրբությունները, կարծում են, որ այդ բանակցությունները կարող են ձգվել շաբաթներ և նույնիսկ՝ ամիսներ: Այստեղ արժե հիշեցնել, որ 90-ական թթ. այդ խաղաղապահ կոնտինգենտը այդպես էլ չձևավորվեց նաև այն պատճառով, որ ազդեցիկ տերությունները ազատ նյութական միջոցներ չգտան: Որքանո՞վ է փոխվել իրավիճակն այսօր: Թուրքիան ուզում է իր ռազմական հենակետերն ունենալ Ադրբեջանում: Եթե ոչ որպես խաղաղապահ այս հակամարտության մեջ, ապա որպես դաշնակից մեծ Թուրանի գծով: Ռուսաստանն ունի իր ռազմական հենակետը Հայաստանում և նա բոլորից ավելի հեշտ կարող է, անհրաժեշտության դեպքում, հիմնվել հակամարտության գոտում նոր դիրքերում: Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նոր հեգեմոնի դերում կարող է վաստակել նաև մեր աշխարհի շատ հզորների անվստահությունը: Եվ այնուամենայնիվ իրավիճակը զարգանում է այն ուղղությամբ, որպեսզի արտաքին ռազմական միջամտությամբ խաղաղեցվի տարածաշրջանը և թույլ չտրվի հակամարտությանը դառնալ միջազգային:

Հայաստանում վերջին շաբաթներին բազմակիորեն ուժեղացել են ռուսամետ տրամադրությունները: Հասկանալի է, որ գնում է հայ-ռուսական դաշինքի նոր իմաստավորման գործընթացը: Հարյուրամյա վաղեմության պատմությունը կարող է կրկնվելու հնարավորություն ունենալ և դա կոչ է անում հայերին Հայաստանում և Սփյուռքում նորովի իմաստավորել հայ ժողովրդի ճակատագրում այդ բազմադարյա հրամայականի անայլընտրանքայնությունը: Արժե սպասել, որ Ռուսաստանը կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես հիմնվելով հայերի ցանկության վրա և ըստ ամենայնի կխորացնի և կամրապնդի հայ-ռուսական դաշինքը: Ադրբեջանի համար ավելի դժվար կլինի միաժամանակ Ռուսաստանին պնդել իր հավատարմությունն ու նվիրվածությունը և, միաժամանակ, ընդունել Թուրքիայի թելադրանքը: Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս ընտրության մեջ Ադրբեջանը սխալ կսկի թույլ տալ: Եվ այդ սխալի արդյունքում ինտրիգը, որը կառացվում էր տասնամյակներ, որը հիմնված էր թերասածությունների և կիսաճշմարտությունների վրա, որը առատորեն ջրված էր քաղցրախոսությամբ և նվերներով, կպայթի ինչպես փուչիկ: Ինչ-որ մեկի համար սրանք դիվանագիտական խաղեր էն և քաղաքական զորաշարժեր: Այնինչ միլիոնավոր մարդկանց համար դրանք զրկանքներ են և պատերազմի ծնած դժվարություններ: Դա մտերիմ մարդկանց մահեր են, մարդկային ողբերգություններ և խաղաղությունը վերականգնելու և կայունություն վերահաստատելու անմար հույս: Հայ  ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ցանկանում է արժանապատիվ խաղաղություն և հույս ունի ստանալ բարեկամների աջակցությունը ողջ աշխարհում: Հայ-ռուսական դաշինքը պետք է էլ ավելի ամրապնդվի: Միայն այդպես հնարավոր կլինի չեզոքացնել Հարավային Կովկասում հավասարակշռությանն ու կայունությանը սպառնացող վտանգները:

 

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here