«Ես Հաւատում Եմ, Որ Այս Օրերը Լինելու Են Բեկումնային». Արայիկ Յարութիւնեան՝ Շուշիէն

0
108

ՇՈՒՇԻ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Արցախի Շուշի քաղաքէն հանդէս եկաւ տեսաուղերձով, որուն մէջ ան շեշտեց, որ յառաջիկայ օրերուն պէտք է բեկում մտցնել ճակատին վրայ: Ան ընդգծեց, որ կը հաւատայ հայ ժողովուրդի յաղթանակին ու կոչ ուղղեց միաւորուելու, կռուելու ու պատժելու թշնամին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ՝ Արցախում, Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում ապրող իմ լաւ բարեկամներ: Ինչպէս 1992 թուականին, երբ սկսուեց մեր յաղթարշաւը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր յաղթարշաւը պայմանաւորուած է Շուշիի պաշտպանութիւնից: Թշնամին գտնւում է այստեղից ընդամէնը մի քանի կիլոմեթր հեռաւորութեան վրայ, առաւելագոյնը՝ 5: Եւ թշնամու գերնպատակն է գրաւել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպէս ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եւ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, եւ ոչ միայն լոկ խօսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանութեանը: Իմ կեանքում առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 1992 թուականի Մայիսի 8ին եւ առաջիններից եմ եղել, որ մտել եմ Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել եմ խաչը: Այսօր համբուրել եմ խաչը, աղօթել եմ, մոմ եմ վառել յանուն մեր յաղթանակի: Իրականում ես հաւատում եմ, որ մենք յաղթելու ենք, իրականում ես հաւատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պէտք է միաւորուել, դրա համար պէտք է կռուել, դրա համար պէտք է պատժել թշնամուն: Բայց դրա համար պէտք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկէ, սա խուճապային ելոյթ չէ, հակառակը: Նորից կրկնում եմ՝ հաւատում եմ մեր յաղթանակին: Եւ օրերի ընթացքում պէտք է բեկում մտցնենք ճակատում եւ պէտք է պատժենք հակառակորդին հէնց Շուշիի դարպասներում: Եկէք միաւորուենք եւ միասին կռուենք: Իհարկէ, հասկանում ենք, գիտակցում ենք ամէն ինչ, բայց եկէք նաեւ մեր ամենամեծ առաքելութիւնը կատարենք, յանուն հայրենիքի, յանուն մեր ապագայի, յանուն մեր սերունդների: Յաղթանակը մերն է լինելու, համոզուած եղէք, ես հաւատում եմ մեր յաղթանակին», ըսաւ Արային Յարութիւնեան:

Արայիկ Յարութիւնեան տեսաուղերձին կից նաեւ կատարծ է հետեւեալ գրառումը. «Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով յարձակուել են Արցախ աշխարհի վրայ՝ նպատակ ունենալով հազարամեակներով իր բնօրրանում ապրող արցախահայութեանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիւ ենք տալիս՝ բոլոր առումներով անհաւասար պայմաններում: Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյութեանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաեւ լրջագոյն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղութեամբ՝ նպատակ ունենալով ամէն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականութեան խորհրդանիշն է, հայ ժողովրդի յաղթանակների խորհրդանիշը: Շուշին համայն հայութեան բաբախող սիրտն է: Որպէս Արցախի գերագոյն գլխաւոր հրամանատար՝ եւս մէկ անգամ կոչ եմ անում՝ միացէ՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատուութիւնը»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here