Երևանն ու Բաքուն համաձայնել են դիտավորյալ չթիրախավորել խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները

0
51

https://www.azatutyun.am-Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերն այսօր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական օբյեկտները, ներգրավվել ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Վերջիններս կրկին կողմերին կոչ են արել իրագործել իրենց ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն Մոսկվայում հոկտեմբերի 10-ի իրենց համատեղ հայտարարության, որը վերահաստատել են Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և Վաշինգոտոնում հոկտեմբերի 26-ին։

Առանց հրադադարը և այլ հանձնառությունները իրականացնելու պարտավորության՝ կողմերը համաձայնել են անհապաղ մի քանի քայլ իրականացնել, այդ թվում.

• Կողմերը դիտավորյալ չեն թիրախավորի խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքների։

• Կողմերը ակտիվորեն կներգրավվեն ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին՝ տրամադրելով Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին անհրաժեշտ բոլոր անվտանգության երաշխիքները։

• Կողմերը Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն ռազմագերիների ցանկը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու համար։

• Կողմերը գրավոր կներկայացնեն իրենց դիտարկումներն ու հարցերը, որոնք կվերաբերեն հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմներին՝ համաձայն հոկտեմբերի 10-ի իրենց հայտարարության 2-րդ կետի։

«Կողմերը ունեցել են բաց և առարկայական մտքերի փոխանակություն՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքերը հոկտեմբերի 10-ի իրենց հայտարարության 3-րդ կետում նշված համապարփակ լուծման հիմնարար տարրերի շուրջ։ Համանախագահները կշարունակեն ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր նախքան համատեղ հանդիպումն առանձին-առանձին հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Նախարարները նաև խորհրդակցություններ են անցկացրել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here