Անտիպ Էջ Մը Լեռ Կամսարէն

0
118

Եթե Աստված որոշի հայության հոգին առնել, ամենամեծ լաց ու կոծը եվրոպական վեց մեծ պետությունները կբարձրացնեն միաժամանակ։

«Հայկական հարցը» քանի՜ տարի ապրեցրեց այդ պետություններին․․․

Դրանցից որևէ մեկը, ասենք Ֆրանսիան, եթե ուզում էր շաքարի ու ծխախոտի մենաշնորհ ստանալ Թուրքիայում՝ անմիջապես թևերը կբանար ու հայ ազգին իր գիրկը կկանչեր «սիրելու»։ Հետո «բարենորոգման ծրագիրն» առած Պոլիս՝ սուլթանին էր գնում, թե հայերին անկախություն պիտի տաս։

– Անպայմա՞ն անկախություն, – հարցնում էր սուլթանը։

– Ուրիշ ի՞նչ ունես տալու։

– Շաքարի, ծխախոտի մենաշնորհ․․․

– Այդ էլ կարելի է։

– Ա՛ռ այդ մենաշնորհը, միայն հայկական հարց մեջ մի բեր, ջղայնանում եմ։

– Տուր այդ մենաշնորհները, մեջ չեմ բերի։

– Դեմ չե՞ս, որ հայերին կոտորեմ․․․ մի քիչ։

– Կարելի է, բայց ոչ բոլորովին։ Մի քիչ թող մեր պետքերի համար։

Ֆրանսիան գնում էր, սկսվում էր հայկական կոտորածը։

Պատահում էր, որ Իտալիան էլ ֆես և լուցկի կուզեր ծախել Տաճկաստանին, բայց հայերը Ֆրանսիայի գիրկն էին։

Այդ ժամանակ Իտալիան ձայնում էր Ֆրանսիային․

-Այդքան չեն սիրի․ բաց թող մի քիչ էլ ես սիրեմ․ ֆեսերս ու լուցկիներս կուտակվել են՝ առնող չկա։

Ֆրանսիան պատասխանում էր․

-Այս րոպեիս․ սպասիր իմ մենաշնորհներն ստանամ, հայերին հանձնեմ քեզ սիրելու։

Ու այսպես հայությունը վեց պետությունների մեջ ձեռքից-ձեռք ման էր ածվում։ Նրանք բոլորն էլ արդյունաբերական երկրներ էին, ապրանք ունեին Թուրքիո վաճառելու։

Եվ 1885 թվից հայությունը համարյա Հայաստանում չապրեց՝ միշտ եվրոպացոց գրկում։

Այս վիճակը տևեց մինչև 1915 թվականը, երբ Թուրքիան իր երկրի ողջ հայությանը կոտորեց։

Երբ վեց մեծ պետությունները տեսան այլևս հայ չկա Տաճկաստանում, իրենց արյունոտ մռութները լիզելով որջերնին քաշվեցին։

Գնաց Տաճկահայաստանը, մնաց Ռուսահայաստանը։

Ռուսներն իրենց երկու ոտքի արանքն առին սա Հայաստանը ու ասին Եվրոպային․

– Սա միայն մեզ կպատկանի, իրավունք չունեք խառնվելու։ Արևմուտքի հայությանը դուք կոտորեցիք, արևելքին էլ թողեք մենք կոտորենք։ Ինչ է, մենք մարդ չե՞նք։

– Դուք կոմունիստներ եք ու մարդկությանը երջանկացնում եք, դուք չեք կարող կոտորել, – ասաց Եվրոպան Ռուսաստանին։

– Չե՜մ կարող․․․ Ես կացիններով եմ մարդ ջարդում։

Ասաց ու դարձավ Թուրքիային․

– Ո՞նց ես։ Կոտորեցիր քո բոլոր հայերին, հա՞։

– Բա ի՞նչ անեմ, մաս-մաս կոտորելուց բեզարեցի։

– Իմ մասերի հայերին էլ չե՞ս կոտորի։

– Եթե տաս բա չե՞մ կոտորի։

– Եթե ինձ հետ բարեկամ լինես՝ յոլա կերթանք։

– Մի բան խնդրեմ, – ասաց Տաճկաստանը։

– Լսում եմ, – ասաց Ռուսաստանը։

– Ուզում եմ մի փոքր կեղևել քո Հայաստանը, շատ հաստ է։ Կեղևը ինձ՝ միջուկը քեզ։

– Ո՞ր կողմից ես ուզում կեղևել։

– Արևմտյան։ Սանկ՝ Ղարս, Իգդիր, Արդահան։

– Քեզ փեշքեշ։ Կեղևիր, բայց միջուկին չդիպնես, – ասաց Ռուսաստանը և ավելացրեց․

– Ինչ է, նեղվա՞ծք եք ապրում, ձեր երկրում չե՞ք տեղավորվում։

– Չէ՛, տեղավորվելու համար չեմ ասում, ուզում եմ գրավեմ՝ ամայի թողնեմ։

Հետո այս երկու հարևան պետություններն ինչ-որ բան փսփսացին իրար ականջին՝ Թուրքիան չհամաձայնվեց։

-Գիտե՞ս ինչ, – սպառնաց Ռուսաստանը, – եթե ինձ հետ չհամաձայնես՝ կդրդեմ իմ հայերին Տաճկահայաստանը պահանջել քեզանից։

– Իսկ եթե ընդունե՞մ։ Թույլ կտա՞ս քո հայերին կոտորեմ։

– Եթե ընդունեցիր՝ դրանց կոտորելու վրա չենք վիճի։ Երկու ոճրագործ պետություններ պիտի չկարողանա՞ն մի երկու միլիոն հայ կոտորել։

Ասացին, բարեկամաբար իրար ձեռք սեղմեցին և տներնին մտան։

Ռուսաստանը տուն գնալով, քաշեց իր կոմունիստակամ սուրը և կամեցավ խրել հայության սիրտը։

Նրա ձեռքը բռնեց Վրաստանն ու ասաց․

-Թող ես կոտորեմ հայությանը, և Հայաստանը ես ու Ադրբեջանը բաժանենք մեր մեջ։

Երբ Ռուսաստանը համաձայնվեց՝ քաշեց Վրաստանը իր «եղբայրական» սուրը և սկսեց ճոճել հայության գլխին։ Նախ հավաքեց կոտորեց հայ ինտելիգենցիան, թողնելով ժողովրդին անուղեղ։ Հետո մնացածներին հանեց ընտանիքներով Հյուսիսային Սիբիրի սառույցներում մի փոքր․․․ զովանալու։

Միայն մի գիշերում, այն էլ ամառվա կարճ գիշերում հիսուն հազար հայ ընտանիք աքսորվեց Սիբիր։

Ի՞նչ կլինի, ուրեմն, խեղճ հայության վիճակը ձմեռվա երկար գիշերներին, երբ այն տևում է մինչև տասնվեց ժամ․․․

Լեռ Կամսար, 1962թ․, անտիպ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here