«Լաւագոյն Հանգուցալուծումը Հայկական Կողմի Ջախջախիչ Յաղթանակն Է. Այն Ադրբեջանին Կը Ստիպի Զինադադար Խնդրել». Էսդուգեան

0
721

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԱԿՕՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐԵԱՆ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը հարցազրոյց է տպագրել «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».-  Պր. Էսդուգեան, ինչպէ՞ս կը գնահատէք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայէլի ու վարձկան ահաբեկիչների աջակցութեամբ պատերազմ է վարում Արցախի դէմ:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Սա անսպասելի երեւոյթ չէ, որովհետեւ տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածուեց հաշտութեան եւ խաղաղութեան: Հետեւաբար, կատարուածն անխուսափելի էր, մանաւանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարութիւն ունեցաւ այս բոլորի մէջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրութիւնների, որպէսզի իր ներքին իշխանութիւնն ամրապնդի ու ապահովուած պահի՝ դժգոհների ուշադրութիւնն ուղղելով դէպի արտերկիր: Այդ արկածախնդրութիւնները, անշուշտ, նաեւ գաղափարախօսական բնոյթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արեւելքում կամ Հիւսիսային Աֆրիկայում այդ բոլորը կատարւում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպութեան գաղափարախօսութեանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչութիւններն իրականացուել են, իսկ Արեւելեան Միջերկրականում կատարուածը, դէպի Կովկաս տարածումը, նոյնիսկ հետզհետէ Հիւսիսային Կիպրոսում տեղի ունեցող միջամտութիւնները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրութիւնների, ճառ ասելու երեւոյթի մասին: Այստեղ նոյնպէս նա գրգռիչ դեր ունեցաւ եւ, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դէմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների: Այդ բոլորի գոյութիւնը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, ներառեալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչների ծառայութիւններից օգտուող Ադրբեջանի իշխանութիւնները, իբր, չեն գիտակցում, բայց շատ հաւանական է, որ մօտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Խնդրում եմ, ձեր արձագանգը Էրդողանի քաղաքականութեանը. ոչ մէկի հետ չի յարմարւում՝ Սիրիա, Լիբանան, Լիպիա, Եգիպտոս, Յունաստան, Կիպրոս, քիթը խոթել է նաեւ Հարաւային Կովկաս: Թուրքիայում որքա՞ն են հանդուրժելու Էրդողանի արկածախնդրութիւնները:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Հասարակական կարծիքը ճշդելու համար այստեղ հարցումներ են անցկացւում, եւ պարզւում է, որ Էրդողանի վարկանիշն աստիճանաբար ընկնում է: Բայց որքան էլ այդ ցուցանիշը նուազի, նա 30 տոկոս անդրդուելի համակիրներ միշտ կ՛ունենայ:  Կողմնակիցների այդ անդրդուելիութիւնը պայմանաւորուած է երկու գործօնով: Խօսքը նպաստներ ստացողների ու կրօնական հակումներ ունեցողների, այլ կերպ ասած՝ իրեն հլու-հնազանդ հետեւողների մասին է: Սրանք միասնաբար կը կազմեն նշածս 30 տոկոսը: Բուն խնդիրն այն է, որ միջազգային հանրութիւնը, համաշխարհային քաղաքական գործիչները ծայրաստիճան մեղմ են վերաբերւում Էրդողանի քաղաքականութեանը եւ չեն կարողանում հակակշռել նրան: Թուրքիայի նախագահը ողջ Եւրոպային սպառնում է, որ իր երկրում ապաստանած սիրիացի փախստականներին կ՛ուղղորդի դէպի Եւրոպա: Համաշխարհային քաղաքականութիւնը կարծես թէ անզօր է նրա դէմ, եւ դա է նրա սանձարձակ գործունէութեան պատճառը: Ամէն ինչ կարող է անել՝ կոպտութեամբ, բռնութեամբ, ագրեսիայով (յարձակումով-Խմբ.), պատերազմով, զէնքով: Այնպիսի տպաւորութիւն է, որ Եւրոպային գերեվարել է իր սպառնալիքներով: Մեր երկրի նախագահը շատ վտանգաւոր գործիչ է դարձել:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Էրդողանն անտանելի է դարձել բոլորի համար: Ինչպէս նշեցի, խնդիրներ է ստեղծել Սիրիայում, Լիբիայում, Յունաստանում, Կիպրոսում, Արցախում ու Հայաստանում: Կը գա՞յ մի պահ, որ նրան արանքից հանելու խնդիր դրուի:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Ձեր թուարկածներին պէտք է աւելացնել նաեւ ողջ արաբական աշխարհի՝ Սաուդական Արաբիայի գլխաւորութեամբ: Էրդողանը հետզհետէ մեկուսանում է իր քաղաքականութեամբ: Դաշնակից գրեթէ չունի: Վերջապէս, իր վերջին թիրախ է ընտրել Կիպրոսի հիւսիսում ստեղծուած դէ ֆակտօ հանրապետութիւնը: Սպառնում է նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք Թուրքիայի ներսում ընդդիմադիր դիրքորոշումներ ունեն: Այսօր Էրդողանի քաղաքականութեան դէմ շատ յայտարարութիւններ են արւում, այդ թւում՝ ամերիկեան, ռուսական կամ եւրոպական քաղաքական գործիչների կողմից, սակայն դրանք շատ թոյլ են, շատ մակերեսային եւ իրենցից շատ ցածր մակարդակի հակազդեցութիւն են ներկայացնում:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Ո՞րն է ելքը: Այսօր մենք միայնակ կանգնել ենք Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների վարձկան ահաբեկիչների, պակիստանցիների դէմ:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Ըստ իս՝ լաւագոյն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ յաղթանակն է այս պատերազմում` չնայած Ադրբեջանն ունի 200 հազար զինուոր, իսկ Հայաստանը՝ 50 հազար: Նրանց ռազմական բիւջէն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բիւջէին: Այսքանով հանդերձ՝ հայ զինուորը կարող է ջախջախիչ յաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, եւ այդ յաղթանակն Ադրբեջանին կը ստիպի զինադադար խնդրել: Ուժ եւ կորով հայ զինուորին, որ կարողանայ դա անել:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Իսրայէլը պարտաւոր էր դադարեցնել զէնքի մատակարարումն ԱդրբԵջանին, քանի որ նրանց ստորագրած պայմանագրում խօսւում է պաշտպանական զէնքի մասին, սակայն մենք Արցախում տեսանք, որ իսրայէլական կողմը թշնամուն յարձակողական զէնք է տրամադրում: Ինչպէ՞ս էք գնահատում Իսրայէլի մօտեցումը:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Իսրայէլի կառավարութիւնը սկզբունքային չէ, աւելի ճիշդ՝ ունի միայն մէկ սկզբունք՝ հրեաների շահերը, որոնց համար կարող է հակամարդկային լինել ցանկացած իրադրութիւնում: Երկրի հիմնադրումից մինչ օրս դա է եղել իսրայէլական քաղաքականութեան առանցքը պատմական բոլոր հանգրուաններում: Կարելի է այսօր ասել, որ Էրդողանի կառավարութիւնն իսրայէլական ծրագիր է: Այս երկրի մէջ իսլամականները հակահրէական, հակասեմական բնոյթ ունեն, բայց գործնականում ամենամեծ համագործակցողներն են: Իսրայէլի որդեգրած այդ դիրքորոշումը զարմանալի չէ:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Պր. Էսդուգեան, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց հակաահաբեկչական կոալիցիա (համախոհութիւն-Խմբ.) ստեղծելու գաղափարի մեկնարկը, բայց առայժմ ոչ մի երկիր չի արձագանգել՝ չնայած միջազգային ահաբեկչութիւնն արդէն չոքել է Իրանի դրանը, ահաբեկիչները յայտնուել են Ռուսաստանում…

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Ահաբեկչական խմբաւորումներից իւրաքանչիւրը կատարում է այս կամ այն պետութեան առաջադրանքները: Միացեալ Նահանգները, Եւրոպան, Թուրքիան սեփական ահաբեկիչներն ունեն: Այսինքն՝ այն խմբաւորումները, որոնք ընդդիմադիր էին Սիրիայում, այսօր շահագործւում են տարբեր պետութիւնների կողմից: Սա արդէն համաշխարհային հանրութեան քննարկելիք հարցերից մէկն է: Անցեալում տեսել ենք, թէ քրդական ազատագրական շարժման մարտիկները ինչպէս են պարտութեան մատնում այդ ահաբեկիչներին, յատկապէս՝ «Իսլամական պետութիւն» կոչուած խմբաւորման զինեալներին: Եւ ի՞նչ եղաւ: Ամերիկան, Ռուսաստանը յայտնուեցին Սիրիայում: Յետոյ ճանապարհ տուեցին Թուրքիային, որը միշտ նոյն այդ ահաբեկիչների կողքին է եղել: Պատկերացնո՞ւմ էք, ահաբեկիչներին ոչնչացնելու գործը յանձնեցին Թուրքիային: Ծիծաղելի է:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ».- Հակաքրիստոնէական, հակահայկական, հակամարդկային վերջին փուլն սկսուեց այն ժամանակ, երբ սուրբ Սոֆիան մզկիթ հռչակուեց: Եզրափակումը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցուած կրկնակի հարուածն էր: Արդեօք փորձ չի՞ արւում կրօնական բնոյթ տալ այս պատերազմին:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Երբ Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրեցին, առաջին աղօթքին մասնակցեց շուրջ 300 հազար մարդ: Սա ահռելի թիւ է: Եւ իրենք չեն թաքցնում, որ ձգտում են հետզհետէ հանրապետութիւնը վերածել կրօնական պետութեան: Մեր եկեղեցիները միշտ թիրախ են եղել իսլամիստների յարձակումների համար, ուստի դժուար է միանշանակ պնդել, որ Շուշիի եկեղեցուն հասցուած հարուածներն այդ քաղաքականութեան դրսեւորումներից են: Այս երկրում հազարաւոր եկեղեցիներ են ոչնչացուել, հիմնայատակ կործանուել: Թուրքերը սիրում են եկեղեցի ռմբակոծել:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԵԻՒՆ».- Ի՞նչ կ՛ուզէիք աւելացնել մեր զրոյցին:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.-  Ուզում եմ ուժ ու կորով մաղթել հայրենիքը պաշտպանող զինուորին: Ուզում եմ, որ ամենանուազ կորուստներով աւարտուի այս պատերազմը: Սգում եմ 18-20 տարեկանների մահը, ազգութիւնը կապ չունի: Չեմ կարող ուրախանալ թշնամու զինուորների մահով, բայց, անշուշտ, կը ցանկանամ թշնամու ջախջախիչ պարտութիւնը: Գիտեմ, որ խօսքիս մէջ հակասութիւն կայ, որ առանց թշնամու զինուորների մահի այդ յաղթութիւնը չենք ունենայ… Թշնամին պէտք է պատժուի, ստանայ իր արժանի պատասխանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here