Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ, և թե ՌԴ վրա. Վաղարշակ Հարությունյան

0
29

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության  սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Ադրբեջանի Հանրապետությունը ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը:

Մյուս կողմից, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա: Այնպես որ, այստեղ  կոպիտ խախտվել է երկու միջազգային օրենք»,- ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:

«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակեց Հարությունյանը:

Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24  ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը  հայտնել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: 

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատաստ է փոխհատուցում տրամադրել: 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here