«Իմ քայլն» առաջարկում է ընդդիմությանը քննարկումից առաջ հայտարարել` կողմնակից են պատերազմի շարունակմանը, ռուսական միջնորդության չեղարկմանը

0
35

https://www.azatutyun.am-Ազգային ժողվի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնագիր) իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում է ընդդիմությանը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի մի քանի հայտարարություն անել: Այս մասին նշված է խմբակցության տարածած հայտարարության մեջ:

«1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», – նշում է իշխանական խմբակցությունը` հավելելով, որ ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

Միևնույն ժամանակ «Իմ քայլը» վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, նշվում է նաև` խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում «կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը»։

Հիշեցնենք, որ ԱԺ մյուս երկու` ընդդիմադիր խմբակցությունները` ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, ինչպես նաև այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքված 17 կուսակցություններն ու ցույցի մասնակիցները պահանջում էին արտահերթ նիստ հրավիրել, չեղարկել ռազմական դրությունը: Նաև վարչապետի հրաժարականի հարցն էին դրել հանրահավաքի ընթացքում:

«Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ, խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը, հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է` պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ, քառասունհինգօրյա պատերազմում առաջնագծի ողջ երկայնքով գրանցվել են առանձնակի հերոսություններ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը», – նաև ասված է հայտարարության մեջ:

ԱԺ իշխանական խմբակցությունը շեշտում է, որ
պատերազմական գործողություններում բանակի թիկունքային ապահովմանը մասնակից է եղել համահայկական ողջ ներուժը, արձանագրում, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով ձախողվեցին հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների բազմակի փորձերը:

Ընդդիմադիր խմբակցությունները, հիշեցնենք, հավաքել էին բավարար ստորագրություններ արտահերթ նիստ գումարելու համար, սակայն ինչպես հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նախքան նիստ գումարելը պետք է կայանար ԱԺ խորհրդի նիստ, որը, սակայն, տեղի չունեցավ: «Իմ քայլի» պատգամավորներից միայն խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն էր ներկայացել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here