Ինչպես չպարտվել փաստացի պարտության պայմաններում․․․

0
59

Նայրի  Հոկհիկեան

Որքան էլ դառը լինի դա գիտակցելը, բայց մեր քաղաքական ու ռազմական ղեկավարությունը պաշտոնապես ընդունեց։

Մենք պարտվեցինք։

2 օր է, չեմ կարողանում ուշքի գալ այս զգացումից և կորստի ցավից։ Մեզնից յուրաքանչյուրն արեց իր ուժերի ներածին չափով, որ դիմադրենք թշնամիների հարձակումներին։ Եղան հերոսներ և դասալիքներ, եղան հայրենիքի համար անձնազոհ մարդիկ ու դավաճաններ։ Բոլոր պատերազմների ժամանակ դրանք պարտադիր երևույթներ են, հայերս էլ բացառություն չենք։

Բայց պետք է խոստովանել, որ մենք պարտվեցինք։ Իսկ գուցե կարողանա՞նք չպարտվել։

Մինչ հետագա տարիների ռազմավարության ու ազգային ծրագրերի մասին քննարկումները, այսօր, հենց այսօր պետք է ամեն ինչ անել, որ փաստացի պարտության պայմաններում կարողանանք լինել չպարտված։ Մեր հարևան թուրքերը այդ դասը լավ են սերտել։ Նրանք միշտ պարտվում են պատերազմում, բայց դիվանագիտական սեղանի մոտ կարողանում են լինել չպարտված։

Նախ․ մինչև նոյեմբերի 15-ը պետք է առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերել մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Հանձնվող տարածքներում կան վայրեր, որոնք պետք է պահել ամեն կերպ։ Այդ մասին բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել մեր ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել եմ այդ վայրերի անվտանգային կարևորությունը։ Եթե իրականում ունենք դիվանագետներ, ապա պետք է սեղանի շուրջ դրանց վերաբերյալ գալ համաձայնության։ Վստահ եմ, հնարավոր է։

Սիրելի պատգամավորներ և ազգային ու քաղաքական գործիչներ, ձեզնից շատերի հետ այս թեմայի վերաբերյալ մանրամասն քննարկում ունեցել ենք։ Խնդրում եմ, ներքաղաքական միավորներ հավաքելու այս պահին մտածեք նաև պետականության մասին։ Ասում եք՝ միավորվենք։ Դե եկեք միավորվենք, փրկենք այն, ինչ հնարավոր է։ Եկեղեցիների կողքին կան այլ կարևոր արժեքներ ևս։ Առևտուր արեք։ Մի կերակրեք հանրությանը սոսկ չտրվող եկեղեցիների մասին տեղեկություններով։ Պահեք ազգային անվտանգության համար կարևոր վայրեր։ Դուք լավ գիտեք՝ որոնք են դրանք։

Կշարունակեմ առանձին նամակներով քննարկել այդ հարցերը ձեզնից յուրաքանչյուրի հետ։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here