Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

0
37

https://www.azatutyun.am – Նաիրա Բուլղադարյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։

Երեկ նա հրավիրվել էր ԱԱԾ, ապա ձերբակալվել։ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր նրան մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Փաստաբան Լուսինե Սահակյանն ապօրինի է որակում մեղադրանքը։

Ազգային անվտանգության ծառայությունը նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրել նաև Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նրանք ևս մեղադրանքները չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:

Օրերս իր ֆիզիկական ոչնչացման մասին ակնարկել էր վարչապետ Փաշինյանը. ժողովրդին հղած իր ուղերձում մասնավորապես ասել էր․ – «Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here