Խաղաղապահների առկայությունը` անհրաժեշտություն. ընդդիմադիրները ներկայացրին ճանապարհային քարտեզը

0
31

https://www.azatutyun.am – Ռոբերտ Զարգարյան

Ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօրվա հանրահավաքի ավարտին ներկայացրին իրենց մշակած ճանապարհային քարտեզը: Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ըստ իրենց` այս ճանապարհային քարտեզով հնարավոր կլինի մաքսիմալ օգուտներ քաղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ստորագրած հայտարարությունից:

Սաղաթելյանի ներկայացրած ճանապարհային քարտեզով ամրագրվում է, որ այդ հայտարարությունն արդեն իրողություն է, փաստ է, և պետք է դրա հետ հաշվի նստել, իսկ ռուս խաղաղապահների առկայությունն Արցախում` անհրաժեշտություն:

«Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը` անհրաժեշտություն: Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ, սիրելի՛ հայրենակիցներ: Անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, քանի որ հաճախ մեզ ասում են` դուք ուզում եք նոր պատերազմ, երկիրը տանում եք պատերազմի, ոչ, դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի», – ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Ըստ ընդդիմադիր ուժերի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ընտրության հնարավորություն ուներ` կամ պետք է միանգամից հրաժարական տար, կամ էլ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի և ռազմական դրությունը վերացնի ու Փաշինյանին պաշտնանկ անի, ինչից հետո ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որին պետք է, ըստ քաղաքական ուժերի, նոր խորհրդարանական ընտրությունները հաջորդեն` ձևավորելու նոր իշխանություն. «Նիկո՛լ, հեռացի՛ր, Նիկո՛լ հեռացիր: Այդ քո քաղաքականությամբ, քո ստորագրությամբ դու տվեցիր Արցախը, դու թուրքացրեցիր Շուշին, դու տվեցիր հայրենիքի ազատագրված մասը, դու հազարավորները արյունը ջուրը լցրեցիր, դու մեր ժողովրդի տասնամյակների հպարտությունը խլեցիր մեզնից», – ելույթում հայտարարեց դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիր մի քանի կուսակցություններ, նրանց շարքում Դաշնակցությունը, Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքը», արդեն մի քանի օր է հանրահավաքներ ու երթեր են անում՝ պահանջելով Հայաստանի վարչապետի հրաժարականը։ Հանրահավաքները սկսվեցին պատերազմը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here