Զինուորական Ուժերու Գլխաւոր Շտապի Պետ Օննիկ Գասպարեանի Յայտարարութիւնը Պատերազմի Մասին

0
34

Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի գլխաւոր շտապի պետ Օնիկ Գասպարեանը յայտարարութիւն է տարածել, որում նշում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին շատ ծանր պայմաններով յայտարարութիւնն ընդունուել է իրադրութեան բազմակողմանի գնահատման արդիւնքում:

«Յարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ.

2020թ. Սեպտեմբերի 27ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի եւ ներգրաւուած վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինուած ուժերն ընդունեցին պատուախնդրօրէն ու պատերազմի առաջին իսկ վայրկեաններից կատարեցին իրենցից կախուած հնարաւոր ու անհնարին ամէն ինչ։ Հայ զինուորն անձնուիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիւ տուեց։

Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինուած ուժերի ղեկավարութիւնը պետութեան ղեկավարին ոչ իրատեսական վերլուծութիւն է ներկայացրել հակառակորդի գործողութիւնների հաւանական բնոյթի եւ նրա զինուած ուժերի կարողութիւնների վերաբերեալ։ Դա իրականութեանը չի համապատասխանում։

Ես զինուած ուժերի գլխաւոր շտապի պետի պաշտօնին նշանակուել եմ ս.թ. Յունիսի 8ին, եւ արդէն Յունիսի 12ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաեւ անվտանգութեան խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրութեան վերլուծութիւնը եւ մեր զինուժի կարողութիւնները:

Կատարուած վերլուծութեան հիման վրայ ներկայացրել եմ առաջարկութիւններ պետութեան ռազմական անվտանգութեան աստիճանը բարձրացնելու ուղղութեամբ: Մասնաւորապէս նշել եմ, որ.

  1. Այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան: Հետեւաբար այդ պետութիւնների համահաւաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդիւնաւէտ դիմակայել եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիւանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնէ այն հետաձգելուն:
  2. Տրուած առաջարկը անվտանգութեան խորհրդի եւ վարչապետի կողմից ընդունուեց, սակայն հարցադրում արուեց` «Իսկ եթէ չյաջողուի պատերազմից խուսափել, ինչ պէտք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրուած պատերազմում պէտք է փորձենք հնարաւորինս սեղմ ժամկէտներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ եւ ստիպենք հրաժարուել յետագայ գործողութիւններից: Նշել եմ, որ երկարատեւ պատերազմից պէտք է խուսափենք` հաշուի առնելով մեր պաշարների առկայութիւնը: Քննարկուել եւ հաւանութեան են արժանացել բազմաթիւ առաջարկներ, որոնց իրագործումը պէտք է զգալիօրէն բարձրացնէր մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր եւ սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, եւ մարտական գործողութիւնների համակողմանի ապահովմանը:
  3. Այդ ժամանակ բարձրացուեց նաեւ հարիւր հազար կազմ ունեցող աշխարհազօրային միաւորումների կազմաւորման հարցը:

Ինչեւէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել եւ Սեպտեմբերի 27ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցաւ լայնածաւալ յարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանութեան բանակը յաջողութեամբ յետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ եւ զինտեխնիկա: Ցաւօք, նաեւ մեր զօրքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` անվտանգութեան խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները եւ ստեղծուած իրադրութեան վերաբերեալ զինուած ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրուայ ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դէպքում այս ինտենսիւութեամբ (սաստկութեամբ-Խմբ.) վարուող մարտական գործողութիւնների պարագայում մեր ռեսուրսները (ուժերը-Խմբ.) սեղմ ժամկէտում կը սպառուեն եւ իւրաքանչիւր յաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար աւելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիւ անգամ ներկայացրել եմ նաեւ վարչապետի հետ շուրջօրեայ աշխատանքի ընթացքում, ինչպէս նաեւ անվտանգութեան խորհրդի նիստերում:

Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը եւ առաջարկութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժուել են, եւ մենք պարտադրուած շարունակել ենք մարտական գործողութիւնները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրը ընդունուել է իրօք իրադրութեան բազմակողմանի գնահատման արդիւնքում: Մենք պէտք է ընտրութիւն կատարէինք շատ վատի եւ ողբերգութեան միջեւ: Նախընտրել ենք շատ վատը:

Այդ օրը իմ կեանքի վատագոյն օրն էր, ինձ համար անձնական ողբերգութիւն…

Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդիւնքում յաջողուեց պահպանել Արցախի մեծ մասը եւ պաշտպանութեան բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճուելու իրաւունք չունենք. պէտք է համախմբուել, արագ վերականգնուել եւ պատրաստուել պայքարը շարունակելուն:

Որպէս զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ եւ անմիջական հրամանատար, ես պատասխանատուութիւն եմ կրում զինուած ուժերի բոլոր յաջողութիւնների ու անյաջողութիւնների համար:

Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների յիշատակի եւ նրանց հարազատների առջեւ:     Մեզ պարտադրուեց շատ դաժան պատերազմ, եւ անհաւասար պայքարում հայ զինուորն ու սպան ցոյց տուեցին մինչեւ վերջ կռուելու վճռականութիւն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:

Սա իսկական Հերոսամարտ եւ Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինուորով, սպայով ու գեներալով (զօրավարով-Խմբ.):

Զինակից ընկերներ,

Չպէտք է յուսահատուենք ու պէտք է շարունակենք մեր հայրենեաց սահմանների պաշտպանութիւնը, լրջօրէն վերլուծենք եւ անենք հետեւութիւններ, վերակառուցելով հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակութիւնը:

Շնորհակալ եմ անձնուէր ծառայութեան համար: Բարձր գիտակցութեամբ ու պատասխանատուութեամբ անշեղօրէն իրականացնենք մեր առջեւ դրուած մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականութեամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նուիրումին»,- ասուած է յայտարարութեան մէջ:

 

«ԼՐԱԳԻՐ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here