ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն ուղարկել ՍԴ

0
143

https://www.azatutyun.am- Նաիրա Նալբանդյան

Ավարտվել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն էր: Հիմնավորումն այն է, որ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մի քանի ժամ տևած նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորները լրագրողներին փոխանցեցին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հիմնավորումներով խորհուրդը որոշել է Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկել հարցը: Այսինքն՝ բավարարվել է նախագիծը և ՍԴ-ի տիրույթում է հարցի որոշումը՝ Ծառուկյանը կզրկվի մանդատից, թե ոչ:

Քվեարկությունը եղել է 10:4 հարաբերակցությամբ: Դեմ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չորս պատգամավորները, նիստին մասնակցած «Իմ քայլի» 10 պատգամավորները կողմ են քվեարկել: «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել էր նիստը և չէր ներկայացել:

Սահմանադրական դատարանը ունի մեկ ամիս ժամանակ հարցի քննության համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները սա համարում են քաղաքական հետապնդում: Նրանք ասում են, թե իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից, որը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում:

«Իմ քայլը» խորհրդի նիստի արդյունքները չմեկնաբանեց:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here