Պատրաստվում ենք անհնազանդության ակցիաների, մարզերում ավտոերթերի. ԱԱԾ նախկին տնօրեն

0
146

https://www.azatutyun.am – Գայանե Սարիբեկյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն առաջիկա օրերին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի մասին։

Հրաժարականի պահանջին միացած «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրաժարվեց անուն նշել, բայց շեշտեց՝ չի կարող լինել այնպիսի անձ, որը չի վայելում հանրության աջակցությունը․ – «Միայն մի բան կարող եմ ասել․ չի կարող լինել վարչապետ մի մարդ, ով չունենա հանրային աջակցություն»։

Վանեցյանի անունն էլ է շրջանառվող ցանկում, բայց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը այդ մասին չխոսեց։ Անելիքները թվարկեց. պատրաստվում են անհնազանդության ակցիաների, մարզերում ավտոերթերի և հանրահավաքների․ – «Բոլոր օրենքով թույլատրված քաղաքական գործիքակազմը մենք օգտագործելու ենք։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը մի օր ավել պահպանելու համար։ Նա ուրիշ նպատակ չունի։ Նա ուզում է պահել իր իշխանությունը, վայելել իր իշխանությունը»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երրորդ օրն է հացադուլ են անում դաշնակցականներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը։ Երեկվանից նրանց է միացել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը։

Հացադուլավորներին այցելած Արթուր Վանեցյանն այս ծայահեղ քայլը համարում է պայքարի միջոց, բայց չի պատրաստվում միանալ համախոհներին․ – «Ես հացադուլ սկսելու մտադրություն դեռ այս պահին չունեմ, նման բանի մասին չեմ մտածել առհասարակ։ Եկել եմ իմ ընկերներին ողջունելու, քաջալերելու»։

Արթուր Վանեցյանից բացի, հացադուլավորներին այսօր այցելել են նաև գործող իշխանության նախկին ու ներկա թիմակիցներ։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն է իջել, զրուցել Գեղամ Մանուկյանի հետ, հորդորել դադարեցնել հացադուլը։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն է եկել, որը մանդատը վայր դնելու մասին հայտարարեց օրեր առաջ։

Կառավարության շենքի մոտ գիշերած Կիմ Բալայանին աջակցվող քաղաքացիներից բացի, նաև շտապօգնությունից են այցելել, թեեւ ինքը չի կանչել. – «Եկան, ճնշումս չափեցին։ Մի փոքր բարձր էր, դեղ տվեցին և գնացին։ Իսկ շաքարս ես ինքս չափել եմ, նորմալ վիճակ է։ Առանձնապես անհանգստանալու կարիք չունեմ դեռ»։

Սահմանադրական դատարանի նախկին անդամը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ 15 տարի Բարձր դատարանում աշխատած Բալայանը հիմնավորում է՝ Փաշինյանը Արցախից ու Հայաստանից տարածքներ է զիջել Ադրբեջանին՝ սահմանադրական կարգի տապալմամբ, իսկ նրա ստորագրած փաստաթուղթը հայտարարություն է, իրավական ուժ չունի։ Բալայանը պնդում է, որ այդպիսի գործընթաց հնարավոր էր, եթե այդ փաստաթուղթը միջազգային պայմանագիր լիներ․ – «Բացառված է, որ չենթարկեն [քրեական պատասխանատվության]։ Որովհետև օրենքի այդպիսի կոպտագույն խախտումները պետք է ունենան իրենց տրամաբանական հետևանքները»։

Կիմ Բալայանի որդին՝ Գաբրիել Բալայանը երկու օր առաջ է ազատվել Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Ասաց, թե պատերազմական ու հետպատերազմական գործողությունները նրա պատասխանտվության տիրույթում չեն եղել։ Իրավական ոլորտն է համակարգել։ Հպարտ ապրելու իրավունքը հայ ժողովրդից վարչապետ Փաշինյանն է գողացել։

«Այսօր կարող եք ասել, կա՞ մի հայ, որից չի գողացել Նիկոլ Փաշինյանը հպարտության իրավունքը, հպարտ ապրելու իրավունքը։ Կա՞ էդպիսի հայ արտասահմանում թե Հայաստանում», – ասաց 73-ամյա Կիմ Բալայանը՝ վստահեցնելով, որ շարունակելու է պայքարը Կառավարության շենքի մոտ այնքան, որքան ների առողջությունը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here