Սգակիր

0
80

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Ազգիս բախտի անիվը չի բանում,

Չխկչխկում է

Ջրաղացի չախչախի նման

Կյանքի աղացքարի ժեռուտին․․․

 

Տրտում ամայություն է,

Երեխաներ չկան փողոցում,

Որ չարություններ անեն,

Մայթից իջնեն ճանապարհի մեջ,

Ավտոներից խույս տան, սլքտան․․․

 

Զոհերին ենք հանձնում պատմությանը,

Տեղավորում ենք

Հոշոտված հայրենիքի գրկում,

Որի պաշտպանության համար

Դարձան նահատակ։

 

Երկնում է երկինքը, երկնում է երկիրը,

Ծիրանի ծովը չի երկնում,

Եղեգան փողից ծուխ չի բարձրանում․․․

 

Ոչ մի բոց,

Հուրհերավոր խարտյաշ պատանին

Չի երիվարում դաշտերում,

Ուր ցրտաշունչ ձմեռն է ավաղում

Սեզոնային սեվ ագռավների ղռավոցով,

Առանց որեվէ զգացումի․․․

 

Վաղուց հետե

Առաքյալները չեն խոյանում սխրագործության։

 

Բազմահույլ դարերի սուր ու հուրը

Իջել է ազգիս ճակատին․․․

 

Հզոր հորդաները խուժեցին մեր հայրենիքը,

Արյունարբու վարձկանները արյամբ արբեցաին,

Բանակները որոտացին,

Զրահները մահ փսխեցին․․․

 

Ողորմի մեր անցավորաց․․․

Մշուշի պղտոր քողով

Պատում եմ գլուխս եվ ուսերս․․․

 

Գլենդել, Կալիֆորնիա, 23 -11-2020

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here