Փաշինյանի խոսքով, ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում

0
131

https://www.azatutyun.am/ – Աստղիկ Բեդեւյան

Հայաստանի վարչապետի խոսքով, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իր հրաժարականի մասին ընդդիմության կոչերին հայաստանցիները չեն աջակցում։

Հայաստանի վարչապետը ռուսաստանյան ТАСС գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իր հրաժարականի մասին ընդդիմության կոչերին հայաստանցիները չեն աջակցում․ – «Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»։

Հայտարարությանն անմիջապես արձագանքեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները։

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծիքով, իրավիճակից, որին Փաշինյանն է ժողովրդին հասցրել, դժգոհ է հանրության 70 և ավելի տոկոսը։ Ու մարդիկ դեռ պոռթկալու են. է՛լ ավելի շուտ՝ եթե Փաշինյանը շարունակի չընդունել մեղքը․ – ։Հասարակական դժգոհությունը ոչ միշտ է, որ արտահայտվում է փողոցում հավաքված մարդկանց քանակով։ Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմը նոր է ավարտվել, մարդիկ դեռ դիրքերում են, ոմանք նոր են վերադարձել, ոմանք դեռ նոր են հողին հանձնել իրենց հարազատների մարմինները, ոմանք դեռ փնտրում են իրենց հարազատներին կամ իրենց հարազատների մարմինները, և մարդիկ ուղղակի սիրտ չունեն նման բաներին մասնակցելու։ Բայց միանշանակ այդ դժգոհությունը շատ-շատ է»։

Վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր սկսած ուժերի շարքում է նաև Փաշինյանի երբեմնի թիմակից, պաշտոնանկությունից հետո նրա ընդդիմախոս Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը»։ ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը մեծ է։ Համակարծիք է Գորգիսյանի հետ՝ շատ են սգացողները, որոնք չեն մասնակցում ակտիվ պայքարի․ – «Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ հանրային աջակցություն չկա իր հրաժարականի հետ կապված, հերթական մանիպուլյատիվ արտահայտությունն է, որով փորձում է էլի կիսել հասարակությունը երկու մասի։ Այն հասարակությունը, որտեղ այսօր կա սուգ, ցավ, կորուստ, խառնաշփոթ և անհասկանալի իրավիճակ, անթույլատրելի է կիսել»։

Ծավալուն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական խնդիրներից մինչև եռակողմ հայտարարությունում տեղ գտած ձևակերպումների կյանքի կոչմանը։ Կրկին չի հստակեցրել՝ արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիր ունի՞, թե՞ ոչ։ Նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ոչ միայն ընդդիմադիրներն են կարևորում, այլև Հանրապետության նախագահը՝ «երկիրը ցնցումներից զերծ պահելու համար»։

Փաշինյանը կարծում է, որ հիմա ավելի կարևոր հարց կա՝ Հայաստանի կայունության և անվտանգության վերականգնումը՝ հավելելով, որ նկատի ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը․ – «Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ»:

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե Հայաստանում բողոքական տրամադրությունները կարող են սպառնալ իր, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությանը․ – «Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է, հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ՝ եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Հայաստանի վարչապետը ТАСС-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ռուս խաղաղապահների մնալու ժամկետը չի սահմանափակվի 5 տարով․ – «Քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»:

Ոչ մի հստակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին։ Բայց Փաշինյանը հույս է հայտնել, թե համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի։

Այս պահին առաջնահերթությունը, նրա կարծիքով, գերիների և կալանավորված անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, անհետ կորածների հարցի լուծումն է։ Եվ պետք է հենց դրա վրա կենտրոնանալ․ – «Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է փախստականների վերադարձ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղեր։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here