Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն

0
112

https://www.azatutyun.am

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարույթունը։

«Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։

Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետևանքների վերացման համար», – ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի ԱԳՆ-ն Հատկապես կարևոր է համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել «Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»։

«Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշված է հաղորդագրությունում։

Այսօր Ֆրանսիայի Սենատը 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Բանաձևը կոչ է անում ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և կիրառել այն իբրև բանակցությունների գործիք տևական խաղաղություն հաստատելու համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here