Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով, շեշտում է Արմեն Սարգսյանը

0
160

https://www.azatutyun.am-Նաիրա Բուլղադարյան

Հայաստանի նախագահը ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է ստեղծված իրավիճակում կառավարության հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրա հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` Արմեն Սարգսյանն, ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, ընդգծել է՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։

«Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար», – ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանը կրկնել է իր այն միտքը, որ մինչև արտահերթ ընտրությունները անհրաժեշտ կլինի ձևավորել ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ «Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում, և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա»,- պարզաբանել է նախագահը։

Մինչդեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն քանի անգամ ակնարկել է, որ չի պատրաստվում լքել վարչապետի պաշտոնը։ Օրերս էլ ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իր հրաժարականի մասին ընդդիմության կոչերին հայաստանցիները չեն աջակցում։

Փաշինյանի նախաձեռնած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած իշխանության օրոք խորհրդարանի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ ինքը վարչապետ դառնալու հավակնություններ չունի, պարզապես Հայաստանն ուզում է տեսնել կայուն երկիր։ Իր առաջարկած ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո Արմեն Սարգսյանը նաև այլ կարևոր գործընթացներ է պատկերացնում՝ օրինակ, Սահմանադրության փոփոխությունը։ Մայր օրենքը փոփոխվեց 2015 թվականին, որով էլ Հայաստանը կիսանախագահականից անցավ խորհրդարանական կառավարման։ Հենց այդ Սահմանադրությամբ էլ 2018-ի ապրիլին Սարգսյանը 7 տարով ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

«Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության և նախագահական ինստիտուտի միջև։ Եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»,- նախկին իշխող հանրապետականի՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքն է քննադատել Արմեն Սարգսյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here