Իմ տեսակետները՝ մշակույթի և գրահրատարակչական ոլորտի զարգացումների վերաբերյալ

0
189

Սեյրանուհի Գեղամյան

Հայաստանի Հանրապետության մշակույթի նոր նախարարի նշանակումով, բնական է, որ մշակույթի և գրահրատարակչական ոլորտի զարգացումների շուրջ խոսակցությունները նոր թափ առան՝ ի հայտ բերելով թե՛ ղեկավար շրջանակների և թե՛ հասարակության տարբեր շերտերի մտայնությունները: Եվ դա բնական է, քանի որ յուրաքանչյուր փոփոխության հետ հույս է նորոգվում, թե ինչ որ բան ինչ որ տեղ ավելի լավ պիտի լինի:

Ինչևէ… Ի մի բերելով տարբեր առիթներով ասված մտադրությունները, ակնհայտ է, որ գերակշռող տեսակետը հայ մշակույթը հանրահռչակելու, այլ երկրներում ցուցադրելու և ճանաչելի դարձնելու ուղղությամբ ճիգեր գործադրելն է և պետական բյուջեից ստացվող գումարները այդ նպատակին ծառայեցնելը:

Ամենևին չժխտելով հանրահռչակման և ճանաչելի դառնալու օգտաշատությունը՝ ասեմ, որ այստեղ ճանապարհների, մեթոդների ընտրության հարցում իմ տեսակետը բավականաչափ տարբեր է:

Նախ ճշտենք՝ մշակույթ հասկացությունը ամենևին չպետք է շփոթենք երգ-երաժշտության, կինո-թատրոնի, գիր-գրականության և արվեստի այլ ժանրերի առանձին դրսևորումների հետ՝ թեպետ վերջիններս (արվեստի ժանրերը)՝ ուղղակիորեն մշակույթի ակնառու մաս են:

Մշակույթը ժողովրդի ընդհանրական կենսակերպն է՝ արվեստի դրսևորումներից, դրա հետ ունեցած շփումներից՝ մինչև ուտելու, խոսելու, բառամթերքի գործածման, շարժուձևի, հագնվելու, զուգարանից օգտվելու և կենցաղային ու հոգևոր այլևայլ ոլորտների կուլտուրան:

Եվ այն իրավիճակը, ինչպիսին այսօր տիրում է մեր կյանքում, մասնավորապես՝ մեր գյուղական շրջաններում, որոնցում 21-րդ դարում մարդիկ օգտվում են նախնադարյան փայտաշեն զուգարաններից, քայլում չլուսավորվող, ցեխակոլոլ փողոցներով, որոնցում ծակ կամ անտանիք գրադարաններում անձրևաջրերից լխկում, նեխում են հայ և համաշխարհային դասականների բազմահազար հատորները ու շնորհաշատ, գուցև տաղանդավոր երեխաները իրենց գյուղում դպրոց չլինելու պատճառով ստպված են լինում տարբեր դժվարություններ հաղթահարելով մի կերպ հասնել հարևան գյուղը՝ տառաճանաչ դառնալու համար, կներեք, նման պայմաններում՝ մեր արվեստի հանրահռչակումը արտասահմանում՝ հպարտության քիչ ազդակներ է հաղորդում ինձ ու չի մխիթարում, թեև ինքս դասական արվեստի մեծ երկրպագու եմ: Ավելին, նման պայմաններում կոնկրետ ինձ համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի համերգներին վստահաբար մեր խեղճ ու կրակ, մշակույթից հազար կիլոմետր հեռու ժողովրդից ոչ մի հոգի չպիտի մասնակից լինի, մասնակիցների մեծ մասն էլ անտեղյակ դասական երաժշտության կառուցվածքին կարող են իրենց անժամանակ ծափահարություններով փչացնել երաժշտության վայելքը: Ու որքան էլ որ աշխարհը ծափահարի այդ նվագախմբին՝ այդ ծափերից աթարի վառարանին կպած մեր գյուղաբնակի համար՝ ամենևին տաք չի՛ լինելու:

Ես կարծում եմ, որ այստեղ, ինչպես և բազում այլ հարցերում, դարձյալ գործում է սեփական ժողովրդի վրայով անցնելու և ուրիշին հաճոյանալու ծանոթ գործելակերպը, որը մեծապես վնասել է մեզ տարիներ, դարեր շարունակ… Ինչպես կասեր մեծն Պատկանյանը, եթե ուսումիցդ օգուտ չունի հայ ազգը՝ թքել եմ….:

Ու միայն ա՛յն ժամանակ, երբ որ ժողովուրդը կապրի իրեն վայելուչ մշակութային կյանքով ու վստահաբար կստեղծի ավելի բարձր, ավելի որակյալ մշակութային արժեքներ, այդ ժամանակ ամենևին անհրաժեշտ չի լինի ճիգ ու ջանք գործադրելու այս կամ այն երկրում ճանաչելի դառնալու համար, այլ արդեն տարբեր ժողովուրդներ ու երկրներ ինքնաբերաբար ճիգ ու ջանք կգործադրեն հայ արվեստը իրենց երկրներում ու իրենց ժողովուրդներին ճանաչելի դարձնելու համար, ինչպես որ մենք մեր սուղ հնարավորությունների համեմատ չափազա՜նց թանկ վճարելով՝ հրավիրում ենք գերմանացի, իտալացի, ավստրիացի, ճապոնացի երաժիշտների և այլ արվեստագետների՝ միաժամանակ հպարտանալով, որ կարողացել ենք նման մշակութային «սխրանք» իրականացնել:

Ինչ վերաբերում է գրահրատարակչական ոլորտին. խորապես համոզված եմ, որ այսօր հայ ժամանակակից գրողներին զրկել պետական փոքրիկ, շա՜տ փոքրիկ աջակցությունից՝ սխալ և չկշռադատված քայլ է: Անշուշտ, ես չեմ խոսում անտաղանդ, անարժեք գործերի մասին, որոնց հեղինակները միշտ էլ հայտնի մեթոդներով ճանապարհ գտնում են տպագրվելու՝ լինի դա պետական, թե մասնավոր միջոցներով…Իսկ շնորհալիները՞…

Այսօր Պլատոն, Արիստոտել, Բերգսոն կարդացողներն էլ շատ քիչ են, չափազանց քիչ. ուրեմն ի՞ նչ, պետք չէ՞ր պետական պատվերով հրատարակել մտքի այդ տիտաններին: Անգամ Րաֆֆի, Իսահակյան, Կոստան Զարյան, Զոհրապ, Անդրանիկ Ծառուկյան, Աբրահամ Ալիքյան, Կարապենց և այլ նշանավորներին կարդացողները քիչ են… Ուրիշ խնդիր է, որ հրատարակելուց հետո անհրաժեշտ է մտածել նաև այդ ամենը իսկապես նպատակին ծառայեցնելու, ընթերցողին հասցնելու մասին… Կան բազմաթիվ ճանապարհներ, բազմաթիվ հնարավորություններ, որոնց կիրառման դեպքում կտրականապես կարելի է փակել անտաղանդ գրողների, անպիտան գրականության մուտքը գրաշուկա, բայց իսպառ վերացնել աջակցությունը՝ առնվազն խելամիտ չէ: Այսօր շատ ենք խոսում Հրանտ Մաթևոսյանին թարգմանելու և աշխարհին ճանաչելի դարձնելու ու նրանով մեր անունը բարձրացնելու մասին: Բայց մտածե՞լ եք արդյոք, թե ի՞նչ կլիներ, եթե խորհրդային տարիներին Հրանտ Մաթևոսյանին, Համո Սահյանին, Վահագն Դավթյանին, Աղասի Այվազյանին, Լևոն Խեչոյանին և շատ ու շատ տաղանդավոր այլ գրողների հանդեպ այդքան բարեհաճ չլիներ պետությունը, նաև մեր օրերում պետպատվերով չհրատարակեր նրանց գործերը, բա ինչպե՞ս պիտի նրանք՝ այդ տաղանդավոր ու պարկեշտ գրողները հրատարակվեին, մանավանդ, որ նրանցից ոչ մեկն այս ու այն փողատերի, օլիգարխի առջև խոնարհվելու, ծռմռվելու, այս ու այն կուսակցության փողը փչելու ընդունակ չէին և փառք Աստծո, որ չէին: Կրկնում եմ. կան բազմաթիվ ճանապարհներ՝ լավ գրողի լավ ստեղծագործությունները հրատարակելու և արթուն պահելու հայ գրականության բարեբեր ակունքը, որը հաստա՛տ չի չորացել: Կան բազմաթիվ այլ ճանապարհներ գրահրատարակչական ոլորտը ակտիվացնելու, իրապես զարգացնելու և որակյալ դարձնելու, թաց ու չոր իրար չխառնելու համար, եթե միայն ուզենան….

Ես միայն այս կարգախոսները կառաջարկեի այսօր. «Մշակույթ՝ հանուն հայ մարդու բարեկրթության» կամ՝ «Դեմքով դեպի հայկական գյուղը», կամ….

Օ~ֆ, հոգնեցի, ու մտածեցի՝ բայց ո՞ւմ է պետք այս ամենը. միևնույնն է, խորհուրդ տվողներն արդեն «խորհուրդ» տվել են… էլ ինչո՞ւ եմ չարչարվում իմ տեսակետների մասին բարձրաձայնելու….

Առայժմ՝ այսքանը…. Գուցե հետո շարունակե՞մ…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here