Լուծումը Ազգային Ժողովում է

0
439
Հրանուշ  Յակոբեան
Հարգելի՛ պատգամավորներ,
սիրելի՛ հայրենակիցներ, մենք շատ ենք կորցրել, անչափելի են վաղվա օրվա նկատմամբ մեր անհանգստությունն ու տագնապը, մեր ցավն ու ցասումը։
Ես ունեմ հարյուրավոր անպատասխան հարցեր․․․
Հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․
Հայաստանի Հանրապետությունը հատնվել է խոր, անչափ վտանգավոր ճգնաժամի մեջ։ Այժմ ՀՀ տարածքային ամբողջականությունն է վտանգված,
արնաքամ է լինում Արցախ աշխարհը՝ ցավալիորեն անդամահատվում ու փոքրանում է։ Արցախի լինելիության միակ երաշխավորը դարձել է Ռուսաստանի Դաշնությունը,
մոլորված, գլխահակ ու տխուր է հայկական երբեմնի հզոր Սփյուռքը։
Վիճակի շտկման բանալին հրապարակներում հավաքվածների թիվը չէ, հացադուլ անողների թիվը չէ, մեր որդեկորույս և որդի փնտրող ծնողները չեն, այլ լուծման բանալին ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձեռքում է։
Դուք ապրում եք Երևանում, հանդիպում, խոսում եք ձեր հարևանի, բարեկամի, ընկերների հետ և թաքցնում եք ձեր աչքերը, չեք գտնում բառեր՝ բազում ծանր հարցերի ու մեղադրանքների պատասխանելու։ Ինչու՞ եք կամավոր ստանձնում մեղքի ծանրագույն, հոգեմաշ բեռը, երբ դուք չեք այդ ամենի պատասխանատուն։
Մի՞թե ձեր մեջ չկա քսաներկու խիզախ, հայրենասեր, ժողովրդին իրապես նվիրված
պատգամավոր, որ վեր կանգնի կուսակցական, նեղ, ճղճիմ շահերից և խորհրդարանական ընդդիմության հետ բաց ճակատով, առանց որևէ պիտակի, սահմանադրաիրավական ճանապարհով մասնակցի իշխանափոխությանը։ Ընտրեք փոխհամաձայնեցված, կամային ուժեղ հատկանիշներով վարչապետ, որը կկարողանա համախմբել ազգը և երկիրը դուրս բերել այս մղձավանջից։
Համոզված եմ, որ ձեզանից շատերը խելացի, կարող, հիանալի երիտասարդներ են, որոնք դեռ երկար կարող են ծառայել մեր Հայրենիքին։ Մի վարանեք, մի վախեցեք, դուք նախ հայ եք, քաղաքացի, ապա կուսակցական։ Կատարեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջը՝ առաջնորդվեք ձեր խղճով և համոզմունքներով՝ սա երկրի ճակատագրի, մեր Հայրենիքի փրկության հարցն է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here