Չքմեղանք

0
196

Ռուբէն Յովակիմեան

 «Տգէտը երջանկութիւնը փնտրում

 է հեռուներում, իմաստունն

այն աճեցնում է իր կողքին»:

Օպենհայմեր

 Կարելի է ասել, որ մարդկային զգացումների շարքին՝ ամէնից առաւել գնահատելին ազատութիւնն  է, որ զիջում է միայն մայրական սիրուն, բայց նշենք նաեւ, որ այն առաւելապէս չարաշահուած եւ բռնաբարուածն է, մանաւանդ; երբ այն պարգեւում են չափաւոր իմաստութիւն եւ նոյնքան բանականութիւն ունեցող ամբոխին: Յիշենք՝ ընդամէնը մի քանի տարի առաջ  թալիբանների կողմից երկհազարամեայ Բուդդհայի հսկայական արձանի պայթեցումը, որին առիթ տուող հիմնական  պատճառը տխմարներին ազատութիւն եւ զէնք տրամադրելն էր:

Ցաւօք, չեմ կարող հարց չտալ, միթէ նոյնը չի կատարւում մեր երկրում այսօր, ո՛ւր ամբոխը՝ իր մանկապարտէզի մակարդակի մտայնութեամբ   առաւօտ կանուխ արթնացողը՝ տեղին թէ անտեղի հրապարակ է ելնում  վարչապետի հրաժարականի պահանջով՝ առաջնորդ ունենալով տասնեօթ կուսակցութիւն յորջորջուող խմբերի թելադրանքն ու հրամանը, որ  իրականում  քաղաքական դիակներ են, որոնց իմացական մակարդակը աւելին չէ, բայց գիտակից են, որ բողոքարկելու ազատ իրաւունք ունեն, բայց տեղեակ չեն, թէ գնահատելի այդ  իրաւունքը, որտեղ եւ ինչ պայմաններում է գործածելի:  Հարց տուող կայ, թէ ի՞նչ պահանջ կամ տրամաբանութեամբ են այդ խմբակները ստեղծուել մի բուռ բնակիչների համար, երբ ԱՄՆ֊ն ունի ընդամէնը երկու կուսակցութիւն: Հեռատեսութիւն է:

Անմիջապէս նշեմ, վարչապետի իրաւապաշտպանի դեր  կատարելու ցանկութիւնից շատ հեռու եմ, միայն թէ արդի  բազմակողմանի ողբերգական վիճակը վերագրել միայն մէկ անձի՝ հեռու է առողջ տրամաբանութիւնից, քանզի մեղաւոր են շատերը եւ բոլորը, որ չկարողացան ապահովել երկրի համար կարեւորագոյն  ինքնապաշտպանութեան խնդիրը քսանհինգ երկար տարիների ընթացքին: Ում համար է գաղտնիք, որ յաղթանակուած Արցախը կորցրինք  այն օրը, երբ բիշքեքեան բանակցութիւնը 94֊ին, կիսատ մնաց, երբ Բաքուն մերժեց ստորագրել զինադադարի  սկզբունքները: Այսօր ցոյցերին մասնակից բարձր գոռացող տհաս մասնակիցները գիտեն անշուշտ, որ այդ ընթացքում աւելի քան տասնեակ այլ հանդիպումներ են եղել եւ երբեք եզրայանգումի բացակայութիւնը ոչ ոքի չի անհանգստացրել, եւ սեղանին դրուած է եղել միայն լաւրովեան ծրագիրը, ո՛ւր ի օգուտ մեզ՝ ոչ մէկ բառ կար:

Վերջապէս, ո՞ւմ համար էր գաղտնիք, որ թուրք֊ազերի համագործակցութեան դէմ֊դիմաց՝ մեր ելքը որոշուած էր ի սկզբանէ եւ միայն հրաշքը կարող էր փրկութիւն բերել, որ չեղաւ եւ փոխարէնը,  տարածքների հետ անգնահատելի մեծ մարդկային կորուստների ողբալի կացութեան առջեւ ենք, որին պէտք է աւելացնել մեր քաղաքական հասարակութեան եւ որոշ քաղքենիական խաւի  բարոյական անկումը, որ երբեք այդքան ցածր մակարդակի ու անգիտակից չի եղել․ ընդհուպ հասնելով  դաւադիր գործունէութիւնների մեղսակցութեան: Արդի տիրող խաժամուժի պայմաններում, երբ կորուստները  պատրուակ են կրքերը բորբոքելու, չկայ մէկ հատիկ խումբ, որ մտահոգուած լինի երկրի վերաշինութեան խնդիրներով ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ բարոյական, քանի որ այդ արժէքները բացարձակ անկումի ընթացքի մէջ են եւ արհաւիրքը պատել է մեր երկրին: Անհանգստացող չկայ: Փոխարէնը   հրաժարական պահանջողները, իշխանութեան գալու մոլուցքով  այնքան են կուրացել, որ մինչեւ իսկ, արդուկած ուղեղով մի կուսակցական նոյն պահանջով դիմել է հացադուլի՝ չհասկանալով, որ հրաժարական չի կարող  լինել իշխանափոխութեան մթնոլորտում,  այլ քաղաքական  կայունութեան պայմաններում, այլ կերպ երկրի քայքայումը ապահովուած է:

Անհասկանալի էր՝ իմա առանց հիմունքների մեր երկրի նախագահի այն թելադրանքը, թէ թերեւս անհրաժեշտ է կազմել տարբեր հոսանքներից բաղկացած  ժամանակաւոր կառավարութիւն՝ թերեւս  դժուար պայմաններից թեթեւ ելք գտնելու նպատակով, բայց ո՞ւր կարելի է գտնել անաչառ գործիչներ, երբ ամէն անկիւնից հնչում է հրաժարականի յանգերգը: Աւելի քան անակնկալ էր, եթէ ոչ զարմանալի, թէ ի՞նչն էր դրդել, կամ ո՞վ էր պատուիրել գիտութիւնների կաճառի նախագահին, որ մամուլով  պահանջի վարչապետի հեռացումը, անձ, որ երբեք (իմ իմացութեամբ) երկրում տիրող թալանի եւ անիրաւ կացութեան մասին չի արտայայտուել: Որքան ճիշտ եւ օգտակար պիտի լինէր, եթէ այդ գիտութեան այրը՝ ըստ իր պաշտօնի պարտաւորութեան համախմբէր կարող եւ ունակ մասնագէտների եւ պայմաններ ստեղծէր նոր գերարդիական զինատեսակ ստեղծելու աշխատանքը, ինչպէս արեցին հրեայ զինագործ գիտունները, որ եւ եկամտաբեր է եւ ապահովիչ, մինչդեռ ըստ շրջուող լուրերի՝ մեր մարտիկները կռուում էին ռուսական հնացած զէնքով: Այդ պարագային է, որ նա կը լինէր ճիշտ արժանի իր աթոռին եւ աշխատավարձին:

Միաժամանակ առաւել մտահոգող է սփիւռքի մի շարք հայաշատ քաղաքներում՝ Լիբանան, Քուէյթ, ԱՄՆ, Թեհրան եւ Նոր Ջուղայ հաստատուած հայ եկեղեցւոյ թեմական խորհուրդների  առաջնորդների միանման յայտարարութիւնները մամուլում  լուսանկարներով, թողնելով այն տպաւորութիւնը, թէ ինչ որ վերից եկած հրաման են կատարում: «Եկ, վարդապետ, ու մի խենթացիր»: Երբեւէ՞  ի վեր, սփիւռքահայ հոգեւոր դասը ստանձնել է պարտականութիւն, ո՞ւմ ցանկութեամբ եւ  ո՞ւմ թելադրանքով՝ մասնակից լինել  հայաստանեան քաղաքական խաժամուժին,  իսկ ո՞ւր փնտրել  հոգեւորականի բարոյականութիւնը:

Չեմ ցանկանայ, որ այս գրութիւնը ծնի այն թերի կարծիքը, թէ ես ցանկանում եմ ամէն գնով արդարացնել վարչապետին, ինչպէս արտայայտուել էր իմ նախորդ յօդուածի առիթով ընթերցողներից մէկը: Ոչ եւ երիցս ոչ: Նա անթերի եւ կատարեալ չէ, ունի սխալներ եւ թերացումներ, որոնք շտկելու եւ հարթելու պահանջարկ ունեն եւ ո՞վ է պատրաստ նրան սատար լինելու, փոխանակ ոտքի տակ պայթուցիկ դնելու: Իրականում «Բազումք  են կոչեցեալք եւ սակաւք ընտրեալք»՝ փոխարէնը անհամար են դաւադիրները:

Արդի  թոհ ու բոհի մթնոլորտը որ տիրում է երկրում ստեղծել է իրար չհասկանալով  հակադրուելու մի միջավայր, ուր կորցրել ենք մեր առողջ հասարակութիւնը, մանաւանդ նրա հիմնական բաղադրիչ մտաւորականութիւնը բացակայ է կարեւոր խնդիրների վիճարկմանը: Երբ նայում ենք վարչապետի աթոռը գրաւելու յաւակնողների ցանկը, ապա հիմնականում նշմարում ենք անցեալի վրիպածներին՝ արդէն թօշնած ու ոչ պիտանի, կամ նորելուկ արկածա֊ բախտախնդիրներին, մինչդեռ արժանաւորները մնացել են ստուերում:

Հսկայական անելիք կայ մեր երկրում, բայց ո՞վ է լինելու նախաձեռնողը, մանաւանդ սերնդափոխութեան բնագաւառում:

 

28֊11֊20                                                        Ռուբէն Յովակիմեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here