Արցախի և Հայաստանի միավորման 31-ամյա որոշումը

0
155

https://hy.armradio.am-Արուսյակ Կապուկչյան

«Խորհրդանշորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»…

Սա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումից մի հատված է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ Քաշաթաղի շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ այսօրվանից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

88–ին հայկական երկու հանրապետություննում  բարձր հնչում էր «Միացու՛մ» կոչը։ Հայաստանում՝ «Ղարաբաղ» կոմիտեն, Արցախում՝ «Կռունկ»–ը իրենց համախոհների հետ միացում էին պահանջում, ինչն այսօր քաղաքագետ Արա Պապյանը որակում է որպես մանուկին մոր գիրկը վերադարձնելու ազնիվ ձգտում։ Մեկ տարի անց՝ 1989 թվականին ընդունվեց Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշում․

«Արցախի միացումը Հայաստանին ուներ տարբեր դրսևորումներ, մասնավորապես՝ նրանք բոլորը ստանում էն ՀՀ անձնագրեր, ինչպես այլ մարզերի բնակիչները, նրանք օգտվում էին բոլոր իրավունքներից, որոնք ունեն Հայաստանի բնակիչները (լինի բժշկության կամ  ուսման մեջ), և դա ճանաչվել էր նաև տարբեր երկրների կողմից, որովհետև նրանք արցախցիներին Երևանի դեսպանատներում վիզաներ էին տալիս։ Միացումը դե ֆակտո և դե յուրե կայացել էր»։

Արա Պապյանը երկու հանրապետությունների միացումը և միաժամանակ անջատ լինելը խորհրդանշող սիմվոլներ է առանձնացնում․ միասին էինք, քանի որ արցախահայերը Հայաստանի անձնագիր էին ստանում, հայկական խորհրադարանում կային Արցախի պատգամավորներ և այլն։ Բայց դրա հետ միասին Հայաստանի և Արցախի մեջտեղում մաքսատուն էր կանգնած, Արցախում գործում էր ռոումինգ ծառայություն, կար առանձին պետական համակարգ՝ իր նախագահով, օրենսդիրով և գործադիրով։ Միացումն, ամեն դեպքում, լիակատար միացման նման չէր։

«Երբ ԽՍՀՄ–ն  արդեն տրոհվելու վրա էր, և որոշ երկրներ իրենց անկախություններն էին հայտարարում, այդ ժամանակ Արցախը ևս, անգամ կարելի է ասել սպառնալիքով, Հայաստանի կողմից հռչակեց իր անկախությունը, հանրապետություն ստեղծելը և ինչ–որ մի շրջան այդպես գնաց այն մտայնությամբ, չգիտեմ՝ ով էր էդպես ներշնչել, որ իբր Արցախի անկախությունը ավելի հեշտությամբ կարելի ա ճանաչել տալ, քան միացումը Հայաստանին, որը սխալ էր»։

89–ին կնքվեց միացման որոշում, 91–ին՝ անկախության հանրաքվե։ 31 տարի առաջ կայացված որոշումը չեզոքացվեց 2 տարվա ընթացքում։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ իրականում ի՞նչ էր ուզում հասարակությունը։ Պատճառների մասին խոսում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․

«Մեծ հաշվով Արցախի հարցում և կարծում եմ ընդհանրապես մեր պետականության ռազմավարության հարցում մենք հասարակության ուզած, որպես այդպիսին, չենք ունեցել, և դա եղել է մեր գլխավոր խնդիրներից մեկը, բայց դրա մեղավորն ու պատճառը հասարակությունն ինքը չի, որովհետև ես կարծում եմ, որ հասարակյությունը ի վերջո հանրային տարբեր քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ էլիտաների վարքագծի արդյունքն է, և էդ էլիտաներինն է պատասխանատվությունը, որ էս հասարակությունը էդպես էլ 30 տարվա ընթացքում խորքային իմաստով չիմաստավորեց թե՛ Արցախի հարցը, թե՛ ընդհանրապես հայկական պետական ռազամավարության մեջ էդ հարցի դերը»։

Վերլուծաբանի խոսքերով՝ մենք այդպես էլ չձևավորեցինք ռազմավարական խորը պատկերացում կամ գոնե 1-2 հայեցակարգային մոտեցում։ Խորքային պատկերացումների բացակայությանը, ըստ Բադալյանի, ականատես եղանք տասնամյակներ շարունակ ու այսօր էլ հստակ չգիտենք՝ ի՞նչ ենք ուզում,  ի՞նչ ենք ընտրում՝ միացու՞մ, թե՞ անջատում հանուն փրկության․

«Ընդհանրապես, մենք ինչի՞ էինք ձգտում, ո՞րն էր մեր հեռանկարը, օրինակ՝ 30, 50 տարի անց։ Էլիտաները պետք է ունենային էս տեսլականը, որպեսզի որոշեին՝ էս պահին ինչ մոդելով, ինչ քայլերով, ինչ մարտավարությամբ է պետք առաջ գնալ, որովհետև ճանաչում թե անկախություն, ես կարծում եմ էս ամեն ինչի խորքում ինքնորոշման գաղափարն է, այսինքն մենք պետք է սրա տակ տեսնենք բուն միտքը․ ինքնորոշում և միացում, թե ինքնորոշում և անկախացում, հետո նոր միացում։ Էս ամենի վերաբերյալ մենք ունեցել ենք էլիտաների մտածողության ու ռազմավարության ճգնաժամ, ու էդ ճգնաժամը չի հաղթահարվել և հակառակը, ավելի խորացել է»։

31 տարի առաջ Հայաստան–Արցախի ապագան հստակ էր՝ միացում։ Բայց անգամ թղթի վրա փաստված այդ վստահությունը չօգնեց։ Այսօր առկա իրավիճակում անգամ կյանքի չկոչվելու դատապարտված վստահություն առկա չէ․

«Այսօր ծանր հետևանքի բախված լինելու պայմաններում Հայաստանում ներքին քաղաքական գործընթացների բովանդակություն կամ բովադակազրկություն է։ Մենք տեսնում ենք՝ ինչ հետևանքի ենք բախվել, ինչպիսի խնդիրների առաջ ենք կանգնել և ինչ խնդիրներ են շարունակում առաջանալ նոր իրավիճակում և տեսնում ենք, թե ինչով են զբաղված ՀՀ–ում քաղաքական ուժերը։ Այսինքն՝ ոչ մի առարկայական, հայեցակարգային քննարկում, ոչ մի նոր առաջարկ, նոր դիսկուրս հեռանկարների շուրջ, այլ պարզապես փոխադրաձ մեղադրանքներ։ Մենք առաջնորդվել ենք բառերով, եթե միացում ենք ասել՝ առաջնորդվել ենք բառերով, եթե անկախացում ենք ասել՝ առաջնորդվել ենք բառերով։ Որովհետև չունենալով սեփական ռազմավարական պատկերացումներ, մեր էլիտաները առաջնորդվել են արտաքին միջավայրից եկող ազդակներով, այսինքն՝ մենք սպասել ենք, որպեսզի մեզ համար կարևորագույն, առանցքային, ողնաշարային խնդրի վերաբերյալ մենք ստանանք որոշումների կամ լուծումների ազդակներ դրսից»։

Այսօրվա և 31 տարի առաջվա իրավիճակը նույնը չէ։ Ըստ տրամաբանության՝ պետք է տարբեր լինի նաև հասարակական– քաղաքական վարքագիծը։ «Միացում» կոչերը, միացման մասին որոշումը, այնուհետև անկախության հանրաքվեն ճանապարհ է, որը անցել ենք։ Սակայն փորձը հաջող չէր։ Մեզ մնում է սովորել դրանից և հաջորդ անգամ քայլել կամ ուրիշ ճանապարհով, կամ ուրիշ քայլերով։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here