Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են երեկվա հանրահավաքի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտումը

0
160

https://www.azatutyun.am

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են երեկ հանրահավաքի ընթացքում ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:

«Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում, ուր տեղի էր ունենում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը, խոչընդոտվել է «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Երբ նա եկել է հրապարակ և սկսել նկարահանումը, մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am» -ի տարբերանշանը, մոտեցել ու պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով, տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անհանդուրժողության արտահայտմամբ։ Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ», – ասված է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ։ «Խիստ դատապարտելի ենք համարում որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումը, խտրականության դրսևորումները։ Ի դեպ, հանրահավաքը և դրան հաջորդած երթը լուսաբանելիս վիրավորանքի է արժանացել նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանը։

Բազմիցս նշել ենք, որ երկրի տեղեկատվական ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունը գտնվում է տարբեր քաղաքական ազդեցությունների ներքո։ Սակայն դա չպետք է առիթ դառնա քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ համակիրների կողմից այս կամ այն լրատվամիջոցի աշխատակցի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Մինչդեռ, վերջերս նկատելիորեն ավելացել են փաստերը, երբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բացահայտ քամահրանքով են վերաբերվում ոչ յուրային լրագրողներին։ Հայաստանի համար այս օրհասական ժամանակաշրջանում նման անհանդուրժողականության արտահայտումները լուրջ վտանգ կարող են ներկայացնել խոսքի ազատությանը», – շեշտում են կազմակերպությունները։

Նրանք պահանջում են.

– ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել «1in.am» լրատվական կայքի օպերատորի գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, բացառել նման միջադեպերի կրկնությունը հանրահավաքների և այլ հանրային միջոցառումների ժամանակ,

– քաղաքական ուժերից՝ հրապարակավ դատապարտել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և զերծ պահել կուսակիցներին ու համակիրներին այդպիսի գործողություններից։

«Կոչ ենք անում նաև մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր գիտակցում են տեղեկատվություն ստանալու կարևորությունը, հարգանքով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին», – ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կոմիտեն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here