Ազգով Ու Հայրենիքով

0
107

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Հերքում ենք ողբ ու կական, շիվան ու վայնասուն,

Խավարը փսփսում է լռության ականջին

Տաք, գաղջ ու տարփոտ խոսքեր,

Որ լուռ մնա եվ չդրսեվորվի,

Պահպանի գիշերային խաբկանքը․․․

Կորուստի սարսափը․․․

 

Լոկ զգացական,

Ախտավոր թուլությունն է համենում,

Որ գարշելի է․․․

 

Բայց մեր ոգին,

Մենության ու անմեղության պարզությունը

Եվ ամրությունն ունի իր միջուկում․

Ունի անբեկ հավատքը,

Որպես բոլոր առաքինությունների

Եվ բարոյականության հիմունք,

Զորավոր է ու հրավառ,

Որ տաքացնում է մեզ,

Ու մենք դուրս ենք խոյանում

Ծերպերից, փապարներից ու այրերից,

Պաշարում ու զգետնում ենք մեղկությանը,

Մոլորված, թշվառական

Եվ անծանոթ նպատակի չառաքյալին,

Բնության մութ ու դժխեմ խորհրդի

Ցնկնված կեղծիքին,

Հանդգնության, ստահակության

Եվ աներեսության օձին։

 

Հորիզոնում փայլուն ու խոշոր աստղեր կան,

Որպես կարելիության սպիտակ ժպիտ,

Որ տարածվում է

Ու գունավորվում է մեզ,

Գունավորվում է մեր հայրենիքը,

Գունավորվում է մեր ոգու արեվելքը

Լուսաբացի երկունքով․․․

 

Մեղմ հովը խոտերի լարերի վրա

Հաջողության քնար է նվագում

Ոգեվոր շշունջով,

Մեղեդու լեզուն բոլորը գիտեն,

Առանց սովորելու,

Որ ուրախ է ու խրոխտ,

Վեհորեն ազգալուր եվ հայրենալուր․․․

 

Հույսերի ու հաջողության վարդերը

Ծաղկում են մեր սիրով

Եվ բուրում են մեր տենչերով․

Շողերի մեջ այնքան քնքշանք կա,

Գարունների կախարդական պատումներով։

 

Ոտքի իմ ազգ,

Հառնիր իմ հայրենիք։

 

Գլենդել, Կալիֆորնիա, 20201204

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here