Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի

0
87
Մաս 5
Շինությունը, որտեղ մենք կարողացանք թաքնվել պարկերի արանքում, կարող էր մոխրակույտ դառնալ, եթե թշնամու հարվածային աթս-ն նշանակետին դիպչեր։ Հռնդյունով իջնող դրոնի ձայնի մոտենալուն զուգահեռ հենց դա էի մտածում՝ մտովի փոքր ինչ հույս ունենալով, որ գուցե մեզ հաջողվի ընդամենը վիրավորվել․․․
Այդ պահին լսվեց կրակոց։
Ընդհանրապես այդ օրերին կրակոցները մարդկանց մոտ բացասական էմոցիաներ ու տագնապ էին առաջացնում, բայց այդ պահին կրակոցը մեզ թվաց ապրելու և հույսի կրակոց։
Եվս մի քանի վայրկյան, և լսեցինք ընկնող աթս-ի պայթյունի ձայնը։ Մեր ու թշնամու աթս-ի միջև ընկած տարածությունը մեկ բարակ պատ ու մի քանի մետր էր։
Արագ դուրս եկանք թաքստոցից։ Քիչ այն կողմ հաղթական կանգնած էին Շուշիի հակաօդային պաշտպանության զինծառայող 18-20 տարեկան տղաները։ Վերջին վայրկյաններին հասցրել էին թիրախավորել թշնամու աթս-ն ու փոխել հարվածի ուղղությունը, մի քանի մետր։ Դրանք մետրեր էին, որոնք փրկեցին մեր կյանքը։
Պատերազմը հաճախ նույնիսկ մետրերից է կախված։
Պատերազմից հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր հեռու` Երևանում կամ Լոս Անջելեսում, երեկոյան թեյի բաժակը ձեռքին, այս տողերը կարդացող մեր հայրենակցի համար գուցե այսպիսի դրվագները հերթական լարված պատմության սյուժե թվան, բայց երբ մարտի դաշտում կրակոցների ու աղմուկի մեջ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը կարող է քեզ համար վերջինը լինել, հասկանում ես, թե ինչքան թանկ է կյանքն ու այն հողը, որի վրա պիտի թափվի քո արյունը։
Արցախը ողողված է հայ զինվորի արյունով։ Հենց դրանով էլ Արցախի ամեն կտորը սուրբ է և թանկ։ Շուշիի ՀՕՊ-ի այն տղաները, որ հոկտեմբերի կեսին վերջին վայրկյանին փրկեցին մեր կյանքը, հաջորդ օրերին իրենք դարձան այդպիսի հարվածների զոհ։
Իսկ ո՞ւր էինք մենք․․․ Այն հաղթական տղաները, որ համեստ, մի քիչ էլ դեռահասի ժպիտով նայում էին մեզ ու աչքերում պահում թշնամու հերթական աթս-ն ոչնչացրած հայ զինվորի հպարտությունը, հիմա չկան։
Վերադարձանք մեր տեղակայման վայր։ Միացրի հեռախոսս։ Ստացած կարճ հաղորդագրությունների մեջ նկատեցի ուսանողական ընկերոջ՝ Վահեի նամակը․ «Քեզ լավ նայիր, եղբայր։ Չզոհվես հանկարծ, չեմ ների։ Մենք գնում ենք հատուկ առաջադրանքի։ Մի օր կհանդիպենք»։
Վահեն ինձնից ավելի վաղ էր կամավոր մեկնել Արցախ։ Հարավում էր։ Երբ իմացավ, որ Արցախում եմ, առաջին նախադասությունն էր՝ անպայման կապրես, սա ապրելու կռիվ է․․․ Պատերազմի ընթացքում 2 անգամ խոսեցինք։ Միմյանց մանրամասներ հաղորդելու հնարավորություն չունեինք, 1-2 բառով ասում էինք, որ դեռ ողջ ենք, կատակում էինք, թե վերադառնալիս պիտի մեր ընտանիքները մեծացնենք տղա երեխաներով։
Միայն ես կարողացա վերադառնալ․․․
Վահեն մնաց հատուկ առաջադրանքի վայրում։ Ես չհասցրի զգուշացնել, որ ինքս էլ չեմ ների, եթե նա զոհվի։ Ընկերոջս մահվան լուրն ստացա իր ծառայակցից․ «Եղբայր, Վահեին թշնամու դիպուկահարն է սպանել։ Չկարողացանք կյանքը փրկել։ Հիմա տանում ենք Գորիս»։
Չէի ուզում հավատալ ականջներիս։ Արցունքները հոսում էին իմ կամքից անկախ։ Մի քանի րոպե քայլեցի մութ փողոցում, հրետանու արկերի խուլ, հեռվից լսվող ձայների ներքո։ Ի՞նչ կլինի մեզ հետ վաղը, երբ արդեն մե՛նք կատարենք մեր հերթական հատուկ առաջադրանքը։ Հարազատ մարդու կորստի ցավին զուգահեռ այս հարցն էր գլխումս պտտվում։ Գուցե վաղը նաև մե՞ր վերջին հատուկ առաջադրանքն է լինելու․․․ Այդ մտքի վրա հիշեցի Վահեի բառերը՝ անպայման կապրես, սա ապրելու կռիվ է․․․
Դրսում սառը օդ էր։ Դա օգնում էր սթափվելուն։ Տղամարդը կոտրվելու իրավունք չունի, ասացի ինքս ինձ ու վերադարձա մեր տեղակայման վայր։ Մեր ջոկատի տղաներից ամեն մեկն իր զբաղմունքն էր գտել։ Խորենն ուժեղ ատամնացավ ուներ, ցրտից ու փոշուց բորբոքումը խորացել էր, օրեր շարունակ չէր կարողանում քնել, բայց մասնակցում էր բոլոր առաջադրանքների կատարմանը։ Կամք էր պետք։
Վահեի զոհվելու լուրը դեռ ականջներումս էր, երբ կեսգիշերն անց զանգեց եղբայրս․ «Վատ լուր ունենք։ Մեր հորաքույր Արմիկի թոռն է մահացել։ Ծանր վիրավորվել է, մի քանի օր բժիշկները պայքարել են կյանքի համար, բայց անօգուտ»։
Խելագարվելու աստիճանի զգացողություններ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․
2016-ի ապրիլյանի օրերին էլ Արցախում էի։ Այն ժամանակ առաջնագիծ էի մեկնել որպես լրագրող։ 4-5 օրերի ընթացքում այնքան զոհվածների տեսանք ու զոհերի մասին լսեցինք, որ այդ բառը դարձել էր սովորական երևույթ։ Հիշում եմ՝ նույնիսկ փողոցում գործընկերներից մեկի հետ կատակում էինք, ու ինձ բռնեցրի մտքի վրա, թե պատերազմն ինչքան անհոգի է դարձնում մարդուն, որ այսպիսի վիճակում կարողանում է կատակել։
Նույն հոգեվիճակում հայտնվել էինք 2020-ի հոկտեմբերին։ Երկու հարազատ մարդու զոհվելու մասին լուրից հետո ինձ բռնեցնում է ջոկատի ընկերների հարցերին հումորով պատասխանելիս։
Մինչդեռ հաջորդ օրը փոխգնդապետ Յարամիշյանը մեզ կրկին պիտի ուղարկեր Շուշի։
Դա մեր վերջին այցն էր Շուշի՝ արկերի ու ընկնող ինքնաթիռի ուղեկցությամբ, բերդաքաղաք վազքով հասնելու և Շուշիի ջուրը վերջին անգամ խմելու պատմությամբ։
Շարունակելի․․․

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here