«Մեր Փրկութիւնը Ազգային Համաձայնութիւնն Ու Միասնականութիւնն Են» Շեշտեց Նախագահ Սարգսեան

0
85

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան 1988-ի երկրաշարժի տարելիցին առիթով հետեւեալ ուղերձը յղեց գիւմրեցիներուն, սպիտակցիներուն, վանաձորցիներուն, ստեփանաւանցիներուն:

«Այսօր 1988 թուականի երկրաշարժի զոհերի յիշատակի օրն է:

32 տարի առաջ աւերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների յիշատակն այս տարի ոգեկոչում ենք եւս մէկ ցաւ ունենալով մեր հոգում: Ազրպէյճանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դէմ սանձազերծած պատերազմի հետեւանքով ունենք մեծաթիւ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաեւ Արցախի տարածքի մի մասը: Ի հետեւանք` երկրում առկայ է բազմաշերտ ճգնաժամ` բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչեւ ընկերային-տնտեսական:

Եւս մէկ անգամ իմ ցաւակցութիւնն ու աջակցութիւնն եմ յայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում ապաքինում:

Նոյնիսկ այս վիճակում մենք իրաւունք չունենք յուսահատուել: Պէտք է ամէն ինչ անենք, որ ապաքինուեն երկրաշարժի վէրքերը, աւելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գիւղերի վերականգնմանն ու զարգացմանը:

Երկրաշարժի ու այսօրուայ պատերազմի հետեւանքներին ու պատճառուած ցաւին այս օրերին աւելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում: Այստեղ էլ մենք յուսահատուելու եւ յոյզերին տրուելու իրաւունք չունենք:

Մեր փրկութիւնն ազգային համաձայնութիւնն ու միասնականութիւնն են: Վստահաբար, դրա շնորհիւ էր, որ կարողացանք յառնել 1988-ի երկրաշարժի աւերակներից եւ այսօր էլ պարտաւոր ենք համախմբուած դուրս գալ ստեղծուած իրավիճակից: Յանուն մեր հերոսների, որ նահատակուել են վերջին պատերազմում, յանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին:

Խոնարհւում եմ նրանց բոլորի յիշատակի առջեւ, առողջութիւն, տոկունութիւն ու հաստատակամութիւն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, եւ խաղաղութիւն ու բարգաւաճում մեր երկրին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here