Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի

0
143
 Նայրի  հոքհիքեան

Մաս 6

Շուշիի հատուկ պահեստը առանձին բարձունքի վրա էր։ Ամեն օր այնտեղ էին գալիս աշխարհի տարբեր երկրների հայերի ուղարկած բեռները՝ սննդամթերքից, հագուստից մինչև հումանիտար տարբեր իրեր։ Ամենից շատ հասնում էին ՌԴ Սիզրան քաղաքից եկող բեռնատարները, բայց քիչ չէին նաև այլ երկրներից ու քաղաքներից եկող ապրանքները, ՀՀ-ի ամենատարբեր ընկերություններ ուղարկում էին ամեն ինչ։

Մինչ մի խումբը դատարկում էր ապրանքը, մյուս խմբերը իրար հետևից փոքր բեռնատարների մեջ բարձում էին անհրաժեշտ ամեն բան՝ առաջնագիծ հասցնելու համար։ Դա անընդհատ աշխատող օղակ էր, որը այդ օրերին երբևէ կանգ չառավ սփյուռքի հայերի ու ՀՀ-ի գործարարների, շարքային քաղաքացիների շնորհիվ։

Շուշիում հավաքվում էին նաև այլ ապրանքներ, որոնք երկար չէին մնում այնտեղ։ Խնդիր էր դրված վայրկյան առաջ զորքին ապահովել անհրաժեշտ պարագաներով։ Մեր աշխատանքը բաժանվել էր 2 պայմանական հատվածի՝ ցերեկն անում էինք բեռների տեղափոխման, գիշերը՝ այլ տիպի առաջադրանքներ։ Դրանց մի մասի մասին պատմել եմ նախորդ գրառումներում։

Մենք ստացել էինք «Դելտա» անվանումը արագ տեղաշարժվելու և ջոկատի բոլոր անդամներով մեկ մարդու պես համակարգված գործողություններ անելու համար։ Փոխգնդապետ Յարամիշյանը հաճախ ծիծաղում էր, թե՝ ուզում եմ ձեզ հանգիստ տալ, բայց ոնց որ դուք չեք ուզում․․․

Իրականում մեր ջոկատը ի սկզբանե որոշել էր ամբողջ հոգով նվիրվել Արցախին, դրա համար 31 կամավորից 11-ը վերջնական հասավ հայրենիքի այդ հատված։ Այդ 11-ն էր, որ մեկ վայրկյան անգամ չէր մտածում մեր գլխին թափվող արկերի, օրուգիշեր հնչող օդային տագնապի, գիշերվա ցրտի ու խիստ վտանգավոր առաջադրանքների մասին։ Մենք հասկանում էինք, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ առաջնագծում կռվող մեր հայրենակիցներն ավելի ծանր վիճակում են։ Մեր պարտքն էր ամուր պահել նրանց թիկունքը։

Այդ օրը մենք Շուշիում հանգիստ ավարտեցինք առաջադրանքի կատարումը։ Չկար մեքենա, որ կարողանար մեր ջոկատին տեղափոխել այլ վայր։ Ժամանակ կար։ Որոշեցինք քայլել։ Այդ պահին ջոկատի 4 անդամներով էինք՝ Խորենը, Դավիթը, Հայկարամը և ես։ Առաջարկեցի մտնել Շուշի։

Թշնամու հրետանին աշխատում էր հենց Շուշիի ուղղությամբ։ Տղաները վտանգավոր համարեցին գնալ այնտեղ, որը թշնամու թիրախում էր։ Ինչ-որ ներքին ձայն մղում էր անպայման բարձրանալ քաղաքի հիմնական վայրեր, նայել Սուրբ Ղազանչեցոցին, քայլել աշխարհի ամենագեղեցիկ սալահատակներ ունեցող փողոցներով։

Պնդեցի, որ պետք է գնանք, թեկուզ հրետանու հարվածների տակ։ Խորենն ու Հայկարամը համաձայնեցին, բայց Դավիթը շարունակում էր դա խենթություն համարել։ «Աննորմալ բաներ չանենք»,-կրկնում էր մեր Դավիթը, բայց քայլում էր դեպի Շուշիի կենտրոն։

Հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց, հասկացանք, որ հերթական արկը մեզնից շատ հեռու չի ընկել։ Այդ պահին մեծ արագությամբ մեքենա մոտեցավ, կանգնեց, արագ նստեցինք ու սլացանք դեպի քաղաքի առավել պաշտպանված հատված։ Շուշիի ամենամեծ հյուրանոցի, եթե չեմ սխալվում, «Պլազա»-ի մոտ սպասում էինք, որ վիճակը փոքր ինչ հանդարտվի։ Մոտեցավ զինվորական համազգեստով երկու տղամարդ։ 40-50 տարեկան կլինեին։ Մեկը՝ հատուկ արտահայտված կիսագողական պահվածքով։ Մեկ-երկու բառ փոխանակելուց հետո հասկացանք, որ ՀՀ-ից եկած այն մարդկանցից են, որ Արցախում են նկարվելու համար։ Սկսեցին հպարտանալ իրենց մարտական փառավոր ճանապարհով՝ շեշտելով, թե ով ճակատից փախչի, ինքն անձամբ է խփելու։

Հարցրի․ «Բա դու հիմա ի՞նչ գործ ունես այստեղ։ Ինչո՞ւ ճակատում չես»։ Լռեց, ծխեց, մտավ շենք։ Դուրս եկավ, նորից մտավ ներս, վերադարձավ, թե․ «Ախպերս, որ պատմեմ ինչ եմ արել, իմ մասին կինո կնկարես․․․»։ Անիմաստ էր խոսել այդպիսի մարդկանց հետ։

Շուշին շարունակում էր անընդհատ ենթարկվել հրետակոծության։ Առաջին պատահած մեքենան նստեցինք և շարժվեցինք Ստեփանակերտ։ Քաղաքից դուրս եկող ոլորաններին տեսանք հեռվից մեր ուղղությամբ եկող թշնամու ինքնաթիռը։ Թիրախում մենք չէինք․ դժվար թե մեկ մեքենայի վրա թշնամին մեծ ռեսուրս ծախսեր։ Նրանց թիրախում Շուշիի պահեստն էր։

Արցախցի վարորդն արագացրեց մեքենայի ընթացքը։ Ոլորանները մեծ արագությամբ իջնող մեքենան ամեն վայրկյան կարող էր գլորվել ձորը, բայց ընտրություն չկար։ Մենք ականատես էինք լինում իսկական օդային մարտի։ Թշնամու ինքնաթիռը ռմբակոծում էր Շուշին, ներքևից էլ հակաօդային տարբեր զենքերով կրակում էին մերոնք։ Ռումբերն ընկնում էին մեզնից բառացիորեն տասնյակ մետրեր հեռու, և ամեն անգամ ռումբի պայթյունից մեքենան ուժեղ ցնցվում էր, մի կողմ հրվում։ Մեզ փրկում էր այն, որ ճանապարհը հարթ տարածքում չէր, և ընկնող արկերի բեկորները չէին տարածվում դեպի մեր կողմը։

Նկատեցի, որ վարորդը ընթացքի ժամանակ հանել է հեռախոսը և նկարում է։ Մի ձեռքում ղեկը, մյուսում՝ հեռախոսը, նաև հասցնում էր հայհոյել թշնամուն։ Հարվածների տակ մեծ արագությամբ ընթանում էինք ու ծիծաղում՝ երևի չգիտակցելով, որ ամեն 2-3 վայրկյանը մեկ կարող էր լինել մեզ համար վերջինը։ Իսկ մենք արդեն բարձրաձայն ծիծաղում էինք այդ ողբերգության մեջ․․․ Մահվան աչքերին նայում էինք ծիծաղով։

Ոլորաններից մեկում հենց ճանապարհի վրա ընկավ թշնամու արկը։ Եթե 10 վայրկյան առաջ գնացած լինեինք, այդ հատվածում մեր մեքենան էր լինելու։ Վարորդի կողքին նստած արցախցի մյուս երիտասարդը գլուխը հանեց մեքենայի պատուհանից ու հումորով գոռաց․ «Մի թխեք (մի խփեք), հաց ենք տանում զինվորին»։ Իրականում մեր նստած մեքենան հաց էր հասցնում զորքին։ Շուշի տարել էր մի մասը, հիմա շտապում էր մեկ այլ վայր՝ դեպի Ճարտար։

Շարունակում էինք արկերի ու ռումբերի փոխհրաձգության տակ սլանալ դեպի Ստեփանակերտ։ Հանկարծ մեր ջոկատի Խորենը նկատեց․ «Տղերքը խփին․․․»։ Իրոք, թշնամու ինքնաթիռը, որ հասցրել էր այդ ընթացքում 2-3 պտույտ կատարել Շուշիի վերևում, Շոշ գյուղի մոտակայքում ընկավ։

Երբ տեսնում ես թշնամու կործանումը, առանձնահատուկ լավ զգացողություն ես ունենում։ Դա մեր զինվորների հերթական ձեռքբերումն էր, դա Ստեփանակերտի ու Շուշիի ևս մի քանի տան փրկությունն էր, դա մեր փրկությունն էր։

Դա նաև մեր վերջին այցն էր Շուշի։

Շարունակելի․․․

Սկիզբը՝ (https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157917759198831)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here